ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՌԵՑԵՍԻԱ Է. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Եվրամիության և, մասնավորապես, Եվրոգոտու տնտեսության այժմյան վիճակի մասին արդեն բազմաթիվ վերլուծություններ ենք ներկայացրել և նշել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը էական վնաս են հասցնելու եվրոպական երկրների տնտեսություններին և աղետալի հետևանքներ են ունենալու հասարակ եվրոպացիների համար։ Վերջիններիս համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է իրենց վճարած հարկերը երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանն ուղղելու փոխարեն տրամադրել Ուկրաինային զենքի կամ ֆինանսական աջակցության տեսքով։ Իսկ ռուս-ուկրաինական հակամարտությունը գնալով խորանում է՝ էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծելով Եվրոպայի համար։ Այս առումով հատկանշական է Եվրամիության խոշորագույն տնտեսություններից մեկի՝ Իտալիայի տնտեսության վիճակը․

Գծապատկեր 1․ Իտալական տնտեսության վիճակը

2022 թ․ հոկտեմբերին Իտալիայում գնաճը հասել է ռեկորդային  մակարդակի՝ 12,8 %:  Սա  Իտալիայի վերջին ամիսներին գրանցված ամենաբարձր մակարդակն է։ Պարզ է, որ այս պատկերը չէր կարող անտարբեր թողնել իտալացիներին․ նրանք անմիջապես սկսել են տարբեր հարթակներում արտահայտել իրենց դժգոհությունը և պահանջել կառավարությունից անհապաղ միջոցներ ձեռնարկել այս խնդիրը շուտափույթ լուծելու համար։ Բացի այդ, նկատենք, որ դեռևս 2022 թ․ սեպտեմբերին գնաճն Իտալիայում կազմում էր 9,4-9,5%, իսկ հոկտեմբերին, ինչպես արդեն նշեցինք՝ 12,8 %։

Այս իրավիճակի հիմնական պատճառն, իհարկե, պատժամիջոցներն են Ռուսաստանի դեմ, ինչի արդյունքում կտրուկ բարձրացել են սննդամթերքի և էներգակիրների գները։ Պատահական չէ, որ Իտալիայի Սպառողների միության նախագահն այս իրավիճակն անվանել է «ցնցող» և կոչ արել կառավարությանը` անհապաղ միջոցներ ձեռնարկել այն մեղմելու և օրեցօր «աղքատացող» սպառողներին օգնելու համար։

Այս պատկերը խոսում է այն մասին, որ Իտալիայի տնտեսությունն արդեն իսկ մտել է ռեցեսիայի փուլ։ Եթե դիտարկենք տնտեսական աճն այս երկրում վերջին 3 եռամսյակում, ապա կտեսնենք, որ այն ունի նվազման միտում. ընդ որում, եթե 2022 թ․ երկրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմում էր 4,9 %, ապա նույն տարվա երրորդ եռամսյակում արդեն, գրանցելով կտրուկ անկում, հասել է  2,6 % մակարդակին։ Սա մեծ վտանգ է պարունակում ոչ միայն իտալական, այլ նաև ողջ Եվրամիության, Եվրոգոտու տնտեսության համար։ Եվ հետևանքները կարող են նույնիսկ անկանխատեսելի բնույթ կրել։

Նկատենք, որ բացի գնաճից Իտալիայի տնտեսությունը բախվել է նաև գործազրկության խնդրին։ Թեև վերոհիշյալ ցուցանիշների համեմատ ավելի դանդաղ տեմպերով, բայց, այնուամենայնիվ, աճել է նաև գործազրկության մակարդակը։

Այսպես, եթե 2022 թ․ հուլիսին արձանագրվել է 7,5 %, իսկ նույն տարվա օգոստոսին 7,6 %, ապա արդեն 2022 թ․ սեպտեմբեր ամսին գրանցվել է գործազրկության 7,9 % մակարդակ։

Վերոհիշյալ երեք առանցքային ցուցանիշների մասով գրանցված հետընթացը, մեծ հավանականությանբ, կարող է շարունակվել, եթե Իտալիայի նոր կառավարությունն անհապաղ միջոցներ չձեռնարկի իրավիճակը շտկելու համար։ Մի բան հստակ է՝ այն միջոցները, որոնք հատկացվում են Ուկրաինայի անտրամաբանական պատերազմին, պետք է վերադարձվեն Իտալիայի տնտեսություն և ծառայեն իտալացիների բարօրությանն ու առնվազն ներկայիս կենսամակարդակի պահպանմանը։

Կիսվեք այս հոդվածով