Եթե մեկը քաղաքացուն ասի՝ ինձ 1,000 դրամ տուր, վաղը 1,100 կտամ, ոչ ոք չի տա, բայց ներդրումային հարթակներում, չգիտես ինչու, 100,000 դրամներ են վստահում օտար մարդկանց. մեդիափորձագետ

5 Min Read

Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ վերջին ժամանակահատվածում՝ Հայաստանում շատ են դեպքերը, երբ քաղաքացիները կիբերհանցագործների կողմից ենթարկվում են խաբեության: Սոցիալական ցանցերում սպառնալիքների միջոցով, կամ էլ ստեղծված հավելվածներում օգտվողներ ներգրավվելու միջոցով հանցագործները փորձում են մարդկանցից գումար շորթել: Մարդիկ իրենց հերթին՝ անվտանգության կանոններից անտեղյակ լինելով, թույլ են տալիս հանցագործներին իրագործել հանցավոր նպատակները: Նման խաբեություններից խուսափելու համար հասարակությունը պետք է լինի մեդիագրագետ և իմանա համացանցից օգտվելու անվտանգային կանոնները:

Tert.am-ը թեմայի շուրջ խոսել է մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի հետ՝ անվտանգային ռիսկերի, տարածված հավելվածների և դրանցից խուսափելու ձևերի մասին:

Արթուր Պապյանը՝ անդրադառնալով խաբեության զոհ դարձած քաղաքացիներին, նշեց, որ հիմնական պատճառն աղբնուրների չստուգելն է: Իր խոսքով՝ հավելվածների առանձնահատկությունը ու հետաքրքրությունը հասարակության շրջանում կայանում է նրանում, որ իրենք առաջարկում են ֆանտաստիկ լավ ներդրումային հնարավորություն:

«Եթե մեկը փողոցում գա ու քաղաքացուն ասի՝ ինձ 1,000 դրամ տուր, վաղը 1,100 կտամ, ոչ ոք չի տա, բայց ներդրումային հարթակներում չգիտես ինչու 100,000 դրամներ են վստահում օտար մարդկանց: Այն մարդիկ, ովքեր առանձնապես չեն ուզում էներգիա ծախսեն և մտածում են՝ ինչպես արագ հարստանան, մտածում են՝ ինչու ոչ, գուցե հնարավոր է այսպես գումար աշխատել: Չեն էլ դիտարկում, որ եթե Հայաստանում լավագույն ներդրումային տոկոսը 10%-ն է, ո՞նց է հնարավոր առաջարկ ստանաս ամիսը 50% եկամուտ ունենալու: Հենց սա է հարցը, որ եթե առաջարկը չափից դուրս լավն է իրական լինելու համար՝ ապա պետք է առաջնահերթ կասկածել, երկրորդը՝ անցնել ստուգման գործընթացի: Պետք է ստուգել արդյո՞ք այն Հայաստանում գրանցված է, արդյո՞ք լեգիտիմ բիզնես է, և արդյո՞ք առհասարակ դրանից օգտվողներ կան»:

Իր խոսքով՝ մեդիագրագիտության բառացի օրենքն է, որ եթե տվյալ ընկերությունը ՀՀ-ում գրանցված ընկերություն է, կարող ենք հույս ունենալ, որ խաբեության ենթարկվելու դեպքում գոնե ինչ-որ մեկը պատասխանատվություն կկրի ու գումարները հետ կվերադարձվի, իսկ եթե դա արտասահմանում ինչ-որ կասկածելի հարթակներ են՝ ցանկալի է դրանից զերծ մնալ, կամ լավագույն դեպքում ճշտել, թե ովքեր են իրենց Հայաստանյան ներկայացուցիչները  ու գնալ տեսնել արդյո՞ք նման գրասենյակ կա ՀՀ-ում:

Խոսելով հստակ հավելվածների անունների մասին՝ Արթուր Պապյանը նշեց, որ Hellobit հավելվածի ստեղծողներն վստահաբար այն փակելուց հետո ստեղծել են այլ հավելվածներ ևս: Այսպիսով հստակ անուններ չենք կարող նշել զերծ մնալու համար, հասարակությունը զգուշավոր պետք է լինի ցանկացած կասկածելի առաջարկից, ոչ թե միայն հստակ մի քանի հավելվածներից:

Հարցին, թե Հայաստանում այս պահին ի՞նչ խաբեություններ են տարածվում, Արթուր Պապյանը նշեց, որ հիմա շատ են Ամանորի ֆոնին շահագործվող հայտարարությունները՝ մրցանակների և խաղարկությունների մասին:

«Հիմա շրջանառվում է ինֆորմացիա Երևանյան սուպերմարկետներում մեքենայի խաղարկություն, գումարի, մրցանակների մասին: Հանցագործներն ուշադիր դիտարկում են իրական ակցիաներն ու դրանց ֆոնին իրենք էլ փորձում են նույնանման տեքստեր գեներացնել ու խաբել մարդկանց: Այս դեպքերում հստակ իմանալու համար արդյոք կա՞ն նման մրցանակներ, թե ոչ՝ պետք է այցելել տվյալ սուպերմարկետի պաշտոնական ինտերնետային էջը, կամ էլ գնալ խանութ ու հարցնել, թե արդյո՞ք գործում է նման ակցիա»:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ նույնպես խոսեցինք զեղծարարությունների տեսակների մասին: Նա նշեց, որ դրանք կարելի է ներառել մի քանի խմբում:

1.Կեղծ ներդրումային հարձակումներ, որտեղ մարդկանց հորդորում են գումարներ ներդնել

2.Ֆիշինգային հարձակումներ, որտեղ իրական կազմակերպությունների անունից են դիմում մարդկանց՝ ստանալով անձնական տվյալներ, գաղտնաբառեր, ինչի հետևանքով էլ մարդիկ կորցնում են իրենց հաշիվները, գումարները, կամ էլ շանտաժի են ենթարկվում

3.Խորացված կիբերհարձակումներ՝ ուղղված բիզնեսներին. այստեղ վնասները կարող են հասնել շատ մեծ գումարների:

Խոսելով գործող զեղծարար հավելվածների մասին՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին այդպիսի տարածված հավելված չկա:

Զեղծարարությունների մասով կան մի քանի հստակ հուշող արարքներ, որոնք կարող են մատնել խաբեության հետ գործ ունենալու մասին:

1.Եթե կապվում են ձեզ հետ ու ուզում շատ նուրբ տվյալներ՝ գաղտնաբառ, բանկային քարտի տվյալ, հաղորդագրությամբ եկած կոդ. սա արդեն ցուցանիշ է, որ պետք է զգուշանալ:

2.Երբ կամ շատ ուրախացնում, կամ էլ վախեցնում են քաղաքացուն. ուրախացնում են նվերներ անելու մասին ստով, իսկ վախեցնում, թե իբր քաղաքացու էջը կոտրել են ու իրենք էլ կարող են օգնել խակերի կոտրած էջերը վերականգնել

Տարածվող զեղծարարությունների և քաղաքացիների դրանց մասով պատրաստվածության մասին խոսելով՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ առհասարակ մարդիկ շատ դանդաղ են մեդիագրագետ դառնում, փոխարենը՝ զեղծարարներն են արագ փոխում իրենց մեթոդներն ու նոր ուղղություններ գտնում: Սա է հիմնական պատճառը, որ իրավիճակի գլոբալ առումով բարելավվում չի նկատվում:

«Հայ հասարակությունը բացարձակ պաշտպանված չէ զեղծարարությունից, չնայած, որ ուրիշ հասարակություններում ևս նույն իրավիճակն է՝ բացառությամբ այն հասարակության, որոնք տասնամյակներ մտածել ու կրթական համակարգում ներդրել են մեդիագրագիտության մասին կրթող ծրագրեր. այդ առումով մենք հետ ենք,- եզրափակեց նա:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով