Ահա և 2025 թվականն անցավ պատմության գիրկը։ Տարբեր ոլորտներում փորձում են ամփոփել այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 2025թ․ և կանխատեսումներ անել 2026թ․ մասով։
Ինչպես պնդում են տնտեսական տարբեր աղբյուրները, 2025թ․ վերակառուցման տարի էր, երբ շուկաները հարմարվում էին ավելի բարձր տոկոսադրույքներին, աշխարահաքաղաքական տեղաշարժերին, սակագնային պատերազմներին և արհեստական բանականության ներթափանցմանը։ Գնահատականներ կան, որ 2026թ․-ը դառնալու է համախմբման և հետևանքների տարի։
Ընդհանուր առմամբ, տեսակետները լավատեսական-զգուշավոր են շաղախված անորոշությամբ։ Morgan Stanley-ին, օրինակ, 2026թ․ նկարագրում է որպես «ռիսկերի վերաբեռնման տարի»։
2026թ․ շուկայի ուշադրությունը տեղաշարժվում է մակրոտնտեսական զգուշավորությունից դեպի միկրոմակարդակի արմատական ցուցանիշները՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ ռիկսային ակտիվների համար։ Տնտեսական քաղաքականությունն անասելի բարենպաստ է։ Մասնավորապես, դիտվում է հարկաբյուջետային խթանում, դրամավարկային քաղաքականության թուլացում և ապակարգավորում։
Այդուհանդերձ, The Economist-ն ունի ավելի կոշտ դիրքորոշում. 2026թ․ բնութագրվելու է անորոշությամբ, քանի որ թրամփյան աշխարհաքաղաքական նորմերի փոփոխությունները շարունակում են տարածվել աշխարհով մեկ։ Հին կարգերը, որոնք հենված էին օրենքների վրա, ավելի մեծ արագությամբ են անցյալ գիրկն անցնում, իսկ պատերազմի և խաղաղության միջև սահմանն ավելի անտեսանելի է դառնում՝ պայմանավորված երրորդ երկրներում կազմակերպվող խարդախություններով, կիբեռհարձակումներով և երկրների միջև սրվող մրցակցությամբ։
2026 թվականին Ռուսաստանին սպասվում է կտրուկ գնաճ․ ՌԴ Կենտրոնական բանկի կառավարիչ
Վերոնշյալ դիրքորոշումների համատեքստում իրականացվել է ավելի քան 2000 կանխատեսումների հավաքագրում այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են Morgan Stanley-ն, ԱՄՀ-ն, The Economist-ը, Deloitte-ն, Microsoft-ը, JPMorgan-ը և այլն:
Նշված աղբյուրները 2026թ․ տեսնում են հետևյալ հնարավոր փոփոխությունների հնարավորությունը․
Կանխատեսումները բազմաթիվ են, սակայն առանձնացվել են դրանցից ամենաառանցքայինները։ Մասնավորապես, զգալի թվով կանխատեսումներ խոսում են այն մասին, որ 2026թ․ արհեստական բանականության դերակատարումը արտադրողականության բարձրացման գործում էլ ավելի կընդլայնվի։ Այս սցենարը բավականին իրատեսական է. բավական է դիտարկել արհեստական բանականության ներդրման հետ կապված խառնաշփոթը փոքրիկ Հայաստանում։ Պատկերացրեք՝ ինչ է կատարվում և կատարվելու աշխարհի արհեստական բանականության էպիկենտրոններում առաջիկայում։
Դրա մասին են խոսում այն ներդրումների ծավալները, որոնք իրականացվում են արհեստական բանականության տեխնոլոգիաներում։ Այս համատեքստում կանխատեսումներ կան, որ ներդրումների զգալի աճ է դիտվելու ագենտիկ արհեստական բանականությունում։ Վերջինս արհեստական բանականության առավել առաջատար տեսակն է, որին տրված է ավելի մեծ ինքնավարություն։
2026թ․ համաշխարհային տնտեսությունը շարունակելու է ապրել սակագնային պատերազմների պայմաններում։ Դրանք լայն մասշտաբներով ներմուծեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ սահմանելով սակագներ գրեթե բոլոր գործընկերների նկատմամբ։
Կանխատեսումները վկայում են նաև, որ գլխավոր տոկոսադրույքների բարձր մակարդակների պահպանումը երկարաժամկետում մնալու է անցյալում։ Ներկայումս աշխարհի մասշտաբով արդեն իսկ դիտվում է գլխավոր տոկոսադրույքների անկում Համաշխարհային տնտեսության մասնակիցների մոտ։
2026թ․ սպասվում է S&P 500 ինդեքսի երկնիշ աճ։ Ըստ կանխատեսումների` S&P 500 ինդեքսը 2025թ․ վերջին հասնելու է 7,000 մակարդակին, իսկ արդեն 2026թ․ վերջին՝ 8000 մակարդակին։
Տվյալների կենտրոնների համատարած կառուցման միտումը կպահպանվի նաև 2026թ․։ Բոլորին հայտնի է, որ նման տվյալների կենտրոնների կառուցումը ենթադրում է բազմաթիվ ռեսուրսների առկայություն, որոնց ապահովումը լրջագույն մակրոտնտեսական հիմնախնդիր է։
Աշխարհը շարունակելու է ընդլայնել թվային արժույթների կամ ռիսկային ակտիվների օգտագործումը։ Կանխատեսումները վկայում են, որ ռիսկային ակտիվները գերազանցելու են կանխիկ փողին իրենց հանրայնացմամբ։ Եվ վերջապես, ըստ կանխատեսումների` համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպը դանդաղելու է և 2026թ․ մոտ է լինելու 3% մակարդակին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում