ԱՄՆ-ում ներկայացվել է թվային ակտիվների հարկման բարեփոխման օրինագիծ։ Փաստաթուղթը մշակել են կոնգրեսականներ Մաքս Միլլերը և Սթիվեն Հորսֆորդը, որոնք երկուսն էլ ընդգրկված են հարկերի և բյուջեի հանձնաժողովում։
Օրինագիծը կրում է Digital Asset PARITY Act անվանումը և առաջարկում է ազատել կապիտալի շահույթի հարկից ստեյբլքոյններով իրականացված փոքր գործարքները՝ մինչև 200 դոլար չափով։ Սակայն այս արտոնությունը կգործի միայն այն ստեյբլքոյնների համար, որոնք թողարկվել են GENIUS օրենքի պահանջներին համապատասխան և տարվա առևտրային օրերի 95%-ում պահպանել են փոխարժեքի կայունությունը՝ ±1% սահմաններում։
Առանձին բաժին է վերաբերում ստեյքինգից և մայնինգից ստացվող պարգևների հարկմանը։ Ներկայում դրանք հարկվում են որպես եկամուտ՝ ստացման պահին, իսկ նոր նախագծով առաջարկվում է հարկումը հետաձգել մինչև 5 տարի։ Այդ ժամկետի ավարտից հետո գումարը կհարկվի որպես սովորական եկամուտ՝ շուկայական արժեքով։
Օրինագիծը ներառում է նաև դրույթներ, որոնցով կրիպտոակտիվների վրա կկիրառվեն արժեթղթերի համար գործող որոշ հարկային կանոններ։ Առաջարկվում է արգելել հարկերը նվազեցնելու նպատակով ֆիկտիվ վնասների (wash sales) կիրառումը և ազատել հարկումից լիկվիդ թվային ակտիվներով տրված վարկերը։
Բացի այդ, հստակեցվում է, որ ներդրումային ֆոնդերի կողմից իրականացվող պասիվ ստեյքինգը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն։
Եթե օրինագիծը ընդունվի, այն ուժի մեջ կմտնի արդեն 2026 թվականից։ Նախաձեռնության հեղինակները նախատեսում են այն առաջ մղել Կոնգրեսում մինչև օգոստոս։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում