ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

5 Min Read

Իրավիճակն աշխարհում չափազանց լարված է։ Այդ մասին են վկայում վերջերս Լեհաստանի տարածքում ընկած հրթիռների մասին արձագանքները։ Լեհաստանն առանց որևէ հիմնավորված ապացույցների անմիջապես մեղադրեց Ռուսաստանին։ Դեպքին արձագանքեցին նաև ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, իսկ Արևմտյան երկրները միանգամից սկսեցին խորհրդակցություններ հրավիրել։ Սակայն արդեն հաջորդ օրը Բայդենը հայտարարեց, որ այդ հրթիռները նախնական տվյալներով Ռուսաստանի տարածքից չեն արձակվել։ Նշենք, որ այդ հրթիռակոծության արդյունքում Լեհաստանում զոհվել է 2 մարդ։

Բացի այդ՝ դեռևս շարունակվում է զարգանալ ռուս-ուկրաինական հակամարտությունը, որի բացասական հետևանքները զգացվում են ամբողջ աշխարհում՝ թուլացնելով միջազգային անվտանգության և համաշխարհային տնտեսության հիմքերը։ Այս իրավիճակում տարբեր վերլուծաբաններ կանխատեսումներ են կատարում երրորդ աշխարհամարտի հնարավորության մասին, ինչը դժվար է բացառել։ Իհարկե, դեռևս մի քանի տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ մարդկությունը կարող է այսքան հեշտորեն մոռանալ առաջին և երկրորդ աշխարհամարտերի տված դաժան դասերը և կրկին ներքաշվել նոր արհավիրքի մեջ, որը վտանգավոր է հատկապես միջուկային զենքի լայնամասշտաբ կիրառման տեսանկյունից։

Սակայն, ինչպես պարզ է դառնում, երրորդ համաշխարհային պատերազմի նախադրյալները զարգացել են դեռևս տասնամյակներ առաջ և պայմանավորված են ոչ միայն ներկայիս սրված իրավիճակով, այլև մի շարք այլ հանգամանքներով։ Անդրադառնանք դրանցից քաղաքական բաղադրիչներ պարունակող պատճառներին։

Գծապատկեր 1․ Երրորդ համաշխարհային պատերազմի քաղաքական դրդապատճառները

Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել առաջին հերթին աշխարհում տեղի ունեցող տարբեր խմբավորումների առկայության արդյունքում։ Այսպես, արդեն գոյություն ունեցող ՆԱՏՕ-ն պատրաստ է առճակատման իր տարածքների նկատմամբ որևէ ոտնձգության դեպքում։ Խաղաղօվկիանոսյան տարածքում այժմ  ձևավորվում է ԱՄՆ-Կանադա-Ավստրալիա միավորումը, որը նույնպես ռազմական նշանակություն ունի։ Մեկ այլ նմանատիպ կառույց է ՀԱՊԿ-ը, որը Ռուսաստանի և նրա գործընկեր մի քանի երկրի կողմից ստեղծված անվտանգային միավորում է։ Օրինակները շատ են, սակայն միշտ չէ, որ այս միությունների շահերը համընկնում են, ինչն էլ իր հերթին վկայում է աշխարհում ոչ դրական տեղաշարժերի մասին։ Հետևաբար, ցանկացած փոքր պատրվակ հնարավոր է օգտագործվի մեծ պատերազմ հրահրելու համար՝ կրկնելով նախորդ  երկու աշխարհամարտերի սցենարը։

Հաջորդը վերաբերում է տարածքային հավակնություններին։ Հիշենք Ռուսաստան-Վրաստան, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունները, թուրք-ադրբեջանական հարձակումներն Արցախի, այժմ էլ Հայաստանի վրա, ինչպես նաև Սիրիայի հյուսիս, Իսրայելի և արաբական երկրների հակամարտությունները և այլն։ Այս ամենը, անշուշտ, պարարտ հող է նախապատրաստում երրորդ աշխարհամարտի համար։

Մեկ այլ հիմնավոր պատճառ է նաև զենք-զինամթերքի անկանոն վաճառքը։ Կան հավաստի տեղեկություններ այն մասին, որ ԱՄՆ թե՛ դեմոկրատական, թե՛ հանրապետական կուսակցությունների անդամները սերտ կապեր ունեն զենք արտադրող ամերիկյան խոշոր կորպորացիաների հետ և, հետևաբար միասին խոշոր գումարներ «վաստակելու» մոլուցքը բերելու է նոր հակամարտություններ հրահրելու անհրաժեշտությանն ու զենքի վաճառքը խթանելու հնարավորությունների ստեղծմանը։ Որոշ վերլուծաբաններ նշում են, որ ԱՄՆ-ն այժմ զբաղված է նաև այդ քաղաքականությամբ։

Խոշոր ծավալների զենք արտադրող երկրները ոչինչ չեն խնայում զենք  մատակարարելու պատերազմող կողմերին՝ դրանով է’լ ավելի խորացնելով ոչ միայն բուն հակամարտությունը երկու կողմերի միջև, այլև անվտանգային խնդիրները այդ տարածաշրջանում։ Սա ևս կարող է հանգեցնել նոր աշխարհամարտի։

Կարող են լինել նաև կրոնական հակասություններ։ Տեսնում ենք՝ ինչպես է Ադրբեջանն անհիմն մեղադրում Հայաստանին իբրև թե մզկիթները վերացնելու և այլ կրոնական հանցագործությունների մեջ՝ մոռանալով իր կատարած ոճրագործությունները հայկական սրբավայրերի նկատմամբ։

Որոշակի կրոնական տարրեր է պարունակում նաև ռուս-ուկրաինական պատերազմը, ինչը հանգեցրեց նրան, որ ուկրաինական եկեղեցին, ի վերջո, անջատվեց ռուսական եկեղեցուց։

Գծապատկեր 2Երրորդ աշխարհամարտի բնական պատճառները

Աշխարհում ռեսուրսները միշտ էլ չեն բավականացրել և դրա համար տեղի են ունեցել բախումներ։ Սակայն, ներկայումս մարդու՝ ռեսուրսների նկատմամբ, անկառավարելի շահագործման քաղաքականության շարունակության պարագայում է’լ ավելի է նկատվում ռեսուրսների պակասը։ Հետևաբար, ռեսուրսների համար կատաղի պատերազմները շատ մեծ հավանականությամբ լոկալ մակարդակից կարող են վերածվել գլոբալ առճակատման։ Մարդու՝ երկիր մոլորակի անխնա շահագործման արդյունքում սկիզբ առած կլիմայական փոփոխությունները, առանց չափազանցության, նոր լարվածություններ են ստեղծում աշխարհի տարբեր անկյուններում։

Տեղի են ունենում անապատացման երևույթներ, որոնք աշխարհում էապես մեծացնում են պահանջարկը քաղցրահամ ջրի նկատմամբ։ Հետևաբար, արդեն սկսվելու են հակամարտություններ ձևավորվել ջրային ռեսուրսներին տիրելու նպատակով։ Այս պարագայում երրորդ աշխարհամարտի հավանքկանությունը ևս մեծանում է։

Համատարած առկա է կենսաբանական տարբեր զենքերի կիրառման վտանգ։ Ռուսաստանը բազմիցս իր մտահոգություններն է հայտնել Հայաստանում և հետո խորհրդային մյուս երկրներում ամերիկյան բիոլաբորատորիաների գործունեության մասով՝ հավելելով, որ դրանցում ստեղծվում են վտանգավոր վիրուսներ հետագայում կիրառման նպատակով։ Նման զարգացումների պարագայում հնարավոր է ինքնապաշտպանության նպատակով նույնիսկ պատասխան միջուկային զենքի կիրառություն։

Կան կարծիքներ, որ երրորդ աշխարհամարտը բնականոն պահանջ է, որի նպատակն  է աշխարհը մաքրել բնակչության որոշակի հատվածից` նոր կյանքերին տեղ տալով։

Կիսվեք այս հոդվածով