«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես 2022-ի, 2023-ի պետական բյուջեի նախագիծը ևս սովորական բյուջեի նախագիծ է՝ որոշակի փոփոխություններով: Այս կարծիքին է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը, որի հետ զրուցել ենք բյուջեի նախագծի, առկա սոցիալտնտեսական իրավիճակից բխող մի շարք խնդիրների մասին: «Առաջիկայում բյուջեին ավելի դետալային անդրադառնալու առիթ դեռ կլինի, բայց, մեծ հաշվով, 2023-ի բյուջեն ոչնչով չի տարբերվում նախորդ տարիներին ներկայացրած բյուջեներից: Հայաստանի առջև ծառացած խնդիրներից ու մարտահրավերներից բխող առաջնահերթությունները հաշվի չեն առնվում: Տնտեսող, արդյունավետ ու օգտակար լինելու տեսանկյունից բյուջեն, պարզ ասած, կրկին բյուջեի նման չէ»,ասաց նա՝ շեշտելով, որ աշխատավարձերի վերանայումն իրականում փոփոխություն չէ:
Իսկ թե ինչպիսին պետք է լինի բյուջեն իր պատկերացմամբ, մեր զրուցակիցը նշեց. «Մեկ կամ թեկուզ 2 տարի բոլորը պետք է սպասեն՝ հետագայում շատ ավելի բարձր աշխատավարձի կամ շահույթների ստացման ակնկալիքով: Ի՞նչ է սա ենթադրում: Այս պահին որոշակի տնտեսական աշխուժություն ունենք, որն ակնհայտ կախված է ռուսուկրաինական պատերազմի հետ, որի արդյունքում դեպի Հայաստան մարդկային ներհոսք ու սպառման ծավալների ավելացում կա, շատ դեպքերում տեղի է ունենում ներմուծում ՀՀ և Հայաստանից վերարտահանում ՌԴ: Այստեղ բիզնես որոշակի շերտ կարողացել է դիրքավորվել ու որոշակի շահույթներ գեներացնել: Բայց կառավարությունը չպետք է այս ամենից անմիջապես ոգևորվի և ընթացիկ ծախսերն ավելացնի: Այդ միջոցները պետք է անմիջապես ուղղել եկամտաստեղծ կապիտալ ծախսերին՝ որպես ճանապարհների, ջրամբարների, գյուղատնտեսական հողերի ինտենսիվացմանն ուղղված ծախսեր: 2022-ին պլանավորած եկամտային մասի մոտ 77 մլրդի չափով գերակատարում են ունեցել, այդ գումարներն անմիջապես պետք է ուղղել սպառազինությանը, գյուղատնտեսության զարգացմանը և տնտեսության այլ ճյուղերի համար պոտենցիալ ստեղծելուն: Այդ ամենը, սակայն, չի կատարվում, փոխարենը, որպես բեռ, կառավարությունը սոցիալական ծախսեր է ընդունում ու չգիտի՝ կարողանալո՞ւ է հաջորդ տարիներին սպասարկել այն, թե՞ ոչ: Մեծ հաշվով՝ նորից նույն անողնաշար բյուջեն ենք տեսնում»:
Խոսելով գնաճից բխող իրավիճակի, նաև այն կանխատեսումների մասին, թե այն հնարավոր կլինի զսպել հաջորդ տարվա առաջին եռամսյակում, Նաիրի Սարգսյանը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Եթե կառավարության քայլերը գնաճը զսպող լինեն, ապա, այո, կարող է այն զսպվել, բայց այս կառավարությունը գնաճը զսպող որևէ քաղաքականություն կամ նախաձեռնություն ցուցաբերելու ունակ չէ: Եթե այս կառավարությունը շարունակի մնալ, մենք այդ առումով որևէ դրական սպասելիք չենք կարող ունենալ: Եթե այլ կառավարություն լինի, ընդ որում՝ ադեկվատ, միգուցե հնարավոր լինի ազդել գնաճի վրա:Բայց այսօրվա իրավիճակով կանխատեսումները վատատեսական են: Փոխարժեքի շուկան գնաճի վրա անմիջական ազդեցություն է ունենում: Մենք ամեն օր ականատես ենք լինում որոշակի փոփոխությունների, անկայունության: Այդ անկայունության պայմաններում, սովորաբար, գնանկումներ չեն կարող լինել: Մի օր կարող է, օրինակ՝ դոլարդրամ փոխարժեքը հասնել 400-ի, բայց ներկրողները անմիջապես չեն արձագանքի դրան, որովհետև նրանք արդեն նախորդ ամիսների և օրերի փորձն իմանալով՝ գիտեն, որ հաջորդ պահին փոխարժեքը կարող է 450 դառնալ: Ընդ որում, այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ օրերի ու ժամերի ընթացքում: Սա է այն հիմնական պատճառը, որ գործարար ոլորտից բարձրացումներին շատ արագ են արձագանքում, իսկ նվազեցումներին բավականին դանդաղ կամ ընդհանրապես չեն արձագանքում»:
Փոխարժեքի նման շուկայի պարագայում ներմուծման ապրանքների գնանկման բացակայությունը Ն. Սարգսյանը հիմնականում իրավիճակներին ուշ արձագանքելու խնդրով է պայմանավորում: «Աշխարհում առկա գնաճն այնքան չէ, որքան ՀՀ-ում է, մանավանդ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում: Այսինքն, նշված իրողությունն այդքան էլ աշխարհից կախված չէ: Այն կախված է զուտ գործարարների զգուշավորությունից, թե ինչ կլինի հետո: Ապրանքների արժեքը չափում են մի քանի եղանակով: Իրական արժեք ասվածի հիմքում այն է, թե ապրանքի հաջորդ խմբաքանակն ինչ գումարով կարող են ձեռք բերել: Նրանք պետք է այդ խմբաքանակի վաճառքից շահույթներ ստանան, և այդ որոշակի գումարի չափով, որը նախորդ խմբաքանակի ձեռքբերման արժեքն էր, պետք է նոր ներկրում իրականացնեն: Եվ երբ փոխարժեքը բարձրանում է, ստացվում է, որ ներդրումը, նաև շահույթները չեն բավականացնում հաջորդ խմբաքանակը պատվիրելու համար, ինչի պատճառով, ուզեն, թե ոչ, պետք է զգույշ լինեն, որ սնանկության չգնան»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է գնաճից ու վերոնշյալից բխող սոցիալական խնդիրներին, Ն. Սարգսյանը հավելեց. «Սոցիալական ճգնաժամ է զարգանում, որն անընդհատ խորանում է, որովհետև մենք մի կողմից ունենք չկայունացող, շարունակվող գնաճ, մյուս կողմից՝ բնակչության շրջանում եկամուտների աճ չունենք: Որոշակի ոլորտներ այս պահի դրությամբ տնտեսական ցուցանիշի որոշակի բարելավումներ կարող են ապահովել, բայց դրանք ինդեքսավորման բնույթ են կրում: Այսինքն, կա՛մ ծածկում են, կա՛մ գրեթե ծածկում են գնաճը: Ակնհայտ է, որ եկամուտների չբարձրացման պայմաններում ծախսերի ավելացումները սոցիալական ճգնաժամի են հանգեցնելու»:
Այս պայմաններում Նաիրի Սարգսյանը ներդրումների աճի բավականին մեծ լինելու պնդումները հերթական չհիմնավորված հայտարարությունների շարքին է դասում: «Սովորաբար դատարկ ու չհիմնավորված հայտարարություններ են անում, ու նշվածն այդ առումով հերթականն է: Եթե վիճակագրական կոմիտեի՝ օտարերկրյա ներդրումների վերաբերյալ ցուցանիշներն ավելի բացված տեսքով ուսումնասիրենք, կտեսնենք, որ այդ նեդրումները տեղի են ունեցել հանքարդյունաբերության ոլորտում և Հայաստանի էլեկտրական ցանցերում: Երկուսը միասին արդեն ծածկում են կառավարության ներկայացուցիչների կողմից նշած օտարերկրյա ներդրումների աճը: Հետևաբար, ամոթ է անգամ խոսել ներդրումների աճի մասին: Ներդրումներ Հայաստանում այսօր որոշակի չափով կան շինարարության, սպասարկման ոլորտներում, որի պատճառը կրկին ռուսուկրաինական պատերազմն է: Իսկ արդյունքը դեռևս չենք կարող գնահատել. եթե պատերազմը երկար շարունակվի, մարդկային հոսքը ՀՀ երկար պահպանվի, միգուցե ներդրումները կարողանան փոխհատուցվել, իսկ հոսքի դադարի պարագայում հայտնի չէ, թե հաջորդիվ գործարարները, ներդրողներն ինչ խնդիրների առաջ են կանգնելու»,-ասաց «Աուդիտորների պալատի» նախագահը՝ շեշտելով, որ ներդրումներ ասվածի վերաբերյալ շատ փորձագետների ու իշխանությունների պատկերացումները տարբեր են: Մեր զրուցակիցը կարծում է, որ, ընդհանուր առմամբ, կառավարությունը չօգտվեց այս փուլում առկա իրավիճակից բխող հնարավորություններից:
«Երբ ռուս-ուկրաինական պատերազմի դեռ ամենասկզբից նման հոսք էր կանխատեսվում, ասում էինք, որ պետք է ճիշտ դիրքավորվել, ճիշտ օգտվել, միևնույն ժամանակ՝ զգուշավորություն ցուցաբերել, որ հանկարծ չհայտնվենք որևէ երկրի կամ միջազգային կազմակերպության պատժամիջոցների տակ: Պատժամիջոցների տակ չհայտնվեցինք, քանի որ նաև ոչինչ չարեցինք: ՏՏ մի քանի կազմակերպությունից բացի գրեթե ոչ մի այլ բիզնես չի տեղակայվել ՀՀ-ում: Հայաստանի կառավարությունը ճիշտ չարձագանքեց այս ամենին: Ընդամենը մի օրինակ բերեմ. փոխարժեքային տատանումներից բանկային շահույթի բարձր թվեր հրապարակվեցին:
Տեղի ունեցածը վնասեց ոչ միայն բիզնեսին, այլև շատ լուրջ վնաս հասցրեց ՀՀ քաղաքացիներին: Կառավարությունը բանկերին այդ գործարքների մասով ավելի բարձր տոկոսադրույքով հարկելու որևէ նախագիծ չնախաձեռնեց, թեպետ անհապաղ պետք է այդ քայլին գնար: Բանկերը մնացած արտադրությունների պես ոչ թե 18 տոկոս, այլ 50 տոկոսից ավելի շահութահարկ պետք է վճարեին, ինչից պետությունը կարող էր օգուտներ ունենալ: Օրինակ՝ գումարները կարող էր ուղղել ռուսական բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, որը չիրականացրեց: Նշածս հիմնավորեմ նաև անհամեմատ ավելի մեծ թվով բիզնեսի տեղակայմանը ԱՄԷ-ում, Վրաստանում, Թուքիայում, Ադրբեջանում: Համեմատելով՝ կտեսնեք, որ ՀՀ կառավարությունը որևէ քայլ չիրականացրեց, որ այդ հսկայական պոտենցիալը գա Հայաստան»,-եզրափակեց Ն. Սարգսյանը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում