Եվրամիությունը կարող է բարձրացնել չինական ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանման հարցը, եթե Պեկինը չկարողանա քայլեր ձեռնարկել ԵՄ-ի և Չինաստանի միջև առևտրային անհավասարակշռությունը նվազեցնելու համար, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Les Echos-ին տված հարցազրույցում։
«Ես նրանց ասացի, որ եթե նրանք չարձագանքեն, մենք՝ եվրոպացիներս, ստիպված կլինենք առաջիկա ամիսներին կոշտ քայլեր ձեռնարկել և փաստացի խզել համագործակցությունը՝ հետևելով Միացյալ Նահանգների օրինակին, օրինակ՝ չինական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելով», — ասել է Մակրոնը։
Նա հայտնել է, որ արդեն քննարկել է նման միջոցառումների հնարավորությունը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։
Այնուամենայնիվ, Ֆրանսիայի առաջնորդը խոստովանել է, որ այս հարցում միասնական եվրոպական դիրքորոշում ձևավորելը դժվար կլինի։
Մասնավորապես, Գերմանիան կարող է առարկություններ ներկայացնել՝ հաշվի առնելով գերմանական ընկերությունների մեծ ներկայությունը չինական շուկայում։
Միևնույն ժամանակ, Մակրոնը հույս է հայտնել անհամաձայնության խաղաղ կարգավորման վերաբերյալ։
Նա ակնկալում է «ագրեսիվ քաղաքականությունից փոխադարձ հրաժարում, որը բաղկացած է Եվրոպայի կողմից կիսահաղորդչային արտադրական սարքավորումների արտահանման սահմանափակումներից և Չինաստանի կողմից հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումներից»։
Այս շաբաթ Ֆրանսիայի նախագահը պետական այցով մեկնեց Չինաստան։
Դեկտեմբերի 4-ին Մակրոնի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև բանակցություններ են տեղի ունեցել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
