Պարզեցվել է ավել վճարված մաքսային վճարների վերադարձման կարգը․ ՊԵԿ

2 Min Read

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային վարչարարության բարելավման արդյունքում, պարզեցվել և ներդրվել է ավել վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնացման, փոխհատուցման տուրքերի, միասնական մաքսային վճարի և տուգանքի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման նոր ընթացակարգ:

Ավել վճարված մաքսային վճարները տնտեսվարողներին վերադարձվում են մաքսային մարմնի կողմից՝ ապրանքային հայտարարագրում հայտարարագրված կամ այլ մաքսային փաստաթղթերում հաշվարկված մաքսային վճարների վերաբերյալ տվյալներում սահմանված կարգով ճշգրտումներ կատարելու պայմանով և ազգային օրենսդրությամբ սահմանված այլ պայմանների պահպանման դեպքերում:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի համաձայն, ՀՀ գանձապետական հաշիվներին ավել վճարված մաքսատուրքի, հարկերի գումարների վերադարձը կատարվում է տնտեսվարողի կողմից դիմում ներկայացնելուց հետո՝ 30-օրյա ժամկետում: Իրականացված աշխատանքների արդյունքում զգալի կրճատվել է գումարների վերադարձման ժամկետը: Այսպես, նոր ընթացակարգով ավել վճարված մաքսային վճարների վերադարձը հնարավոր է կազմակերպել 3-ից 5 աշխատանքային օրվա ընթացքում, նախկին՝ 15-ից 20 օրվա փոխարեն։ Իսկ ավել վճարված  ներմուծման  մաքսատուրքը, ԵԱՏՄ տուրքերը տնտեսվարողին վերադարձվում են Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ client-tresury էլեկտրոնային ծրագրի միջոցով՝ ավելի կարճ ժամկետում:

Ավել վճարված կամ ավել գանձված մաքսատուրքի, հարկերի գումարները վերադարձվում կամ հաշվանցվում են վճարողի կամ նրա իրավահաջորդի դիմումի հիման վրա: Միասնական դիմումի ձևը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքէջում, «Հետադարձ կապ» բաժնում: Ի դեպ, առաջիկայում կայքէջում հասանելի կլինի նաև էլեկտրոնային դիմումի լրացման և ներկայացման հնարավորությունը։ Դիմումի ձևը կիրառելի է, մասնավորապես, ավել վճարված ներմուծման մաքսատուրքի, ԵԱՏՄ տուրքերի (հատուկ, հակագնացման, փոխհատուցման), մաքսային մարմինների գանձմանը ենթակա հարկերի` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի, բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի, ինչպես նաև միասնական մաքսային վճարի և տուգանքի վերադարձման դեպքերում:

Փոփոխությունների արդյունքում առավելագույն օպտիմալացվել են նաև գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, նախկինում մաքսային մարմնի մի քանի ստորաբաժանումների փոխարեն գործընթացն այժմ համակարգվում է ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության կողմից:

Կիսվեք այս հոդվածով