Մենք ամեն հարմար հնարավորության պարագայում փորձում ենք հանրության ուշադրությունը հրավիրել մեր տնտեսության խնդիրների վրա, որոնցից ամենասուրը ռեգիոնալ համաչափ զարգացման բացակայությունն է։ Սա իրենից ներկայացնում է ներքին և արտաքին բազմաթիվ վտանգներ։ Հատկապես այն համատեքստում, որ սահմանային շրջաններում բնակչության նվազեցումը պայմանավորված այդ բնակավայրերում անբարենպաստ տնտեսական միջավայրով, լավ հող է նախապատրաստում թուրքական ահաբեկչական գործողությունների համար։
Իրապես, Հայաստանում տնտեսության գրեթե բոլոր էական տեղաշարժերը տեղի են ունենում Երևանում։ Իհարկե, Երևանը մայրաքաղաք է, հետևաբար նրա կարևորությունը մեր երկրի համար չի քննարկվում, սակայն Հայաստանը միայն Երևանը չէ։ Արդեն հրապարակվել է զբոսաշրջության մասին ռեգիոնալ վիճակագրություն, որում նկատում ենք, որ նույնիսկ զբոսաշրջության ոլորտի տեսանկյունից կենտրոնացվածությունը կրկին Երևանում է, այն պարագայում, երբ բոլորին գովազդում ենք, թե ինչ գեղեցիկ տեսարժան վայրեր ունի մեր երկիրը։ Զբոսաշրջային ոլորտը չի նկարագրվում միայն զբոսաշրջիկներով։ Կարևոր նշանակություն ունեն ենթակառուցվածքները, դրանք սպասարկող աշխատակազմը։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2021 թ․-ին ՀՀ-ում հյուրանոցային տնտեսության օբյեկտների թվաքանակը կազմել է 915 միավոր, որտեղ աշխատել է 6,759 մարդ և այս ամենի արդյունքում հասույթը արձանագվել է 33,409․4 մլն դրամ մակարդակում։ Հետաքրքիր է ուսումնասիրել այս ցուցանիշների կառուցվածքը ինպիսին է Երևանի և մարզերի համատեքստում․
Գծապատկեր 1․ Հյուրանոցային տնտեսության օբյեկտների թվաքանակի, աշխատողների թվի և հասույթի ծավալների կառուցվածքը՝ ըստ Երևանի և մարզերի 2021 թ․-ին
Ինչպես կարելի նկատել գծապատկերում, Երևան քաղաքում են տեղակայված հյուրանոցային օբյեկտների 57 %-ը, իսկ մարզերում՝ 43 %-ը։ Հյուրանոցային օբյեկտներում աշխատողների 62 %-ը գտնվում է Երևանում, իսկ մարզրեում՝ 38 %-ը։ Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում ստեղծված հասույթի 72 %-ը Երևանինն է, իսկ 28 %-ը՝ մարզերինը։
Դիտարկենք իրավիճակը ըստ առանձին մարզերի․
Գծապատկեր 2․ Հյուրանոցային տնտեսության օբյեկտների թվաքանակի, աշխատողների թվի և հասույթի ծավալների կառուցվածքը՝ ըստ մարզրերի 2021 թ․-ին
Զբոսաշրջության տեսանկյունից գրեթե դերակատարում չունեն Արագածոտնի և Արարատի մարզերը։ Վերջիններում տեղակայված են հյուրանոցային օբյեկտների համապատասխանաբար 2 %-ը և 2,5 %-ը։ Արագածոտնի և Արարատի մարզերի հյուրանոցային օբյեկտներում աշխատում են մարզերի հյուրանոցային օբյեկտներում աշխատողների թվաքանակի համապատասխանաբար 1,6 %-ը և 1,5 %-ը։ Հետևաբար մարզերում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում ձևավորված հասույթի ծավալներում Արագածոտնի և Արարատի մարզերի մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 1,8 %-ը և 1,1 %-ը։ Հյուրանոցային տնտեսության օբյեկտների մասով մեծ տեսակարար կշիռներ ունեն Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը։ Այս մարզերում տեղակայված են մարզերի հյուրանոցային օբյեկտների համապատասխանաբար 25,7 %-ը, 20,1 %-ը, 10,7 %-ը և 10,7 %-ը։ Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում աշխատում են մարզերում առկա աշխատակիցների համապատասխանաբար 45,8 %-ը, 11,2 %-ը, 10,6 %-ը և 10,4 %-ը։ Մարզերում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում ձևավորվող հասույթի մոտ 42 %-ը պատկանում է Կոտայքին, իսկ Տավուշին՝ 19 %-ը։
Վերը նկարագրված վիճակը ընդունելի չէ և պետք է վարել առավել ճկուն ռեգիոնալ քաղաքականություն, որը միտված կլինի տնտեսության ոլորտների՝ տարբեր մարզերում և Երևանում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում