Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել փոխադարձաբար չեղարկել վիզայի պահանջը բոլոր տեսակի անձնագրերի տերերի համար։ Reuters-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը երկուշաբթի օրը ստորագրել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը։
Նովակի խոսքով՝ առանց վիզայի ռեժիմը կարող է ուժի մեջ մտնել 2026 թվականի սկզբին։
«Առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ իրավական ընթացակարգերը կավարտվեն նոտաների փոխանակման ստորագրումից և այս փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո։ Եվ, իմ կարծիքով, սա հնարավորություն կտա մեր երկրներ առանց վիզայի ճանապարհորդել հաջորդ տարվա սկզբին», — ասել է Նովակը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կաշխատեն երկրների միջև չվերթներ իրականացնող ավիաընկերությունների թվի ավելացման ուղղությամբ։
«Այսօր մենք մեր գործընկերների հետ քննարկեցինք մեր երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության զարգացումը։ Ներկայումս Սաուդյան Արաբիայի երկու ավիաընկերություններ շահագործում են Ռիադ-Մոսկվա երթուղին։ Մենք համաձայնեցինք, որ կաշխատենք և մոտ ապագայում կորոշենք ավելացնել ավիաընկերությունների թիվը, այդ թվում՝ երկու կամ երեք ռուսական ընկերություններ», — ասաց Նովակը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
