Մեր նախորդ վերլուծությունում նշեցինք, որ հանրապետությունում արձանագրված հանցագործությունների թվաքանակը 2025թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում կազմել է 31,473 միավոր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.3%-ով։
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակը 2025թ․ հունվար-սեպտեմբերին կազմել է 12, 881 միավոր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16%-ով։ Մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակը 2025թ․ հունվար-սեպտեմբերին կազմել է 4,817 միավոր։ Վերջինս 2024թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 11%-ով։
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակը 2025թ․ հունվար-սեպտեմբերին կազմել է 8,254 միավոր. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվն աճել է 38%-ով։
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակը 2025թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 2024թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ նույնպես աճել է` 45%-ով՝ կազմելով 1,000 միավոր։
Եվ, վերջապես, 2025թ․ հունվար-սեպտեմբերին պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակը կազմել է 3,980 միավոր՝ 2024թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 29%-ով։
Իրավիճակն առավել մանրամասնորեն ուսումնասիրենք ստորև բերված գծապատկերի օգնությամբ․
Վիճակագրական տվյալների հետազոտումը ցույց է տալիս, որ մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործություններում զգալի մասնաբաժին ունեն սպանությունները, որոնց թվաքանակը 2025թ․ հունվար-սեպտեմբերին կազմել է 1,130 միավոր` 2024թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 8%-ով։
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների շարքում զգալի են թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները, որոնց թվաքանակը 2025թ․ հունվար-սեպտեմբերին հաստատվել է 3,027 միավոր մակարդակում։ Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թվաքանակը 2024թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 20%-ով։
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակում գերակշռել են գույքի հափշտակությունները։ Վերջինիս թվաքանակը 2025թ․ հունվար-սեպտեմբերին 2024թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է 3%-ով՝ կազմելով 6,743 միավոր։ Տնտեսական հանցագորխությունների շարքում առանձնանում են հանցագործությունները կապված կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու հետ կապված հանցագործությունները։ Վերջինիս մասով հանցագործությունների թվաքանակը 2025թ․ հունվար-սեպտեմբերին կազմել է 274 միավոր՝ 2024թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 18%-ով:
Եվ, վերջապես, 2025թ․ հունվար-սեպտեմբերին պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններից պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և անցնելու բացահայտված դեպքերի թվաքանակը կազմել է 348 միավոր, որը 2024թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 3%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում