2026-ին փոխարինման ենթակա վերելակներն արդեն գույքագրվել են. մինչև տարվա վերջ կհայտարարվի մրցույթ

1 Min Read

Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 1-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեց, թե ինչ փուլում է այս տարվա վերելակների փոխարինման ծրագիրը:

Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը տեղեկացրեց՝ կա  երկու մրցութային ընթացակարգ, և որ 400 վերելակներն արդեն իսկ տեղադրված են և ավարտին են հասցված:

«Երկրորդ մրցութային ընթացակարգով տեղադրման ենթակա է 104 վերելակ, որից 74-ն արդեն իսկ հասցեներում են և տեղադրման ընթացքի մեջ են, որոնցից 10-ն ավարտական վիճակում են, մնացած 30-ը ակնկալվում է, որ մոտ օրերս պիտի գան, հասնեն Երևան, որ դրանց տեղադրման աշխատանքները նույնպես ավարտվեն: Ամեն ինչ պիտի արվի, որպեսզի տարվա վերջին կարողանանք պատշաճ կերպով ավարտենք:

Այսօր էլ խորհրդակցություն է կազմակերպվում, կապալառուին հրավիրել ենք Երևանի քաղաքապետարան, որպեսզի վերջնական շտրիխները և ժամկետները հստակեցնենք»,- ասաց Կարոյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց՝ մրցույթներից մեկը, որը վերաբերում է 100 վերելակի, այս տարի չի կայացել: Հաջորդ տարի դրանք առաջնահերթությամբ պետք է արվեն:

Կոմունալ տնտեսության վարչության պետը հավելեց. «Այս պահի դրությամբ 2026 թվականի համար նախատեսվող, փոխարինման ենթակա վերելակներն արդեն գույքագրվել են: Վարչական շրջաններից արդեն ստանում ենք տեղեկատվությունը, մոտ օրերս՝ մինչև տարվա վերջ, այդ մրցույթն էլ կհայտարարենք, որպեսզի 2026-ին նույնպես ունենանք տեղադրված վերելակներ»:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով