Կառավարության որոշմամբ ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման միջոցով մարզպետների աշխատակազմերին հատկացվել է 1 մլրդ 708 մլն դրամ:
Ինչպես նշել է ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 12 համայնքի 15 սուբվենցիոն ծրագիր. Արարատի մարզի 2 ծրագրի համար կհատկացվի 234 մլն դրամ, Արմավիրի մարզի 3 ծրագրի համար՝ 246 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 2 ծրագրի համար՝ 168 մլն դրամ, Կոտայքի մարզի 3 ծրագրի համար՝ 191 մլն դրամ, Սյունիքի մարզի 4 ծրագրի համար՝ 715 մլն դրամ, Վայոց ձորի մարզի 1 ծրագրի համար՝ 152 մլն դրամ: «Սույն որոշման հաստատմամբ կունենանք 2025 թվականի պետբյուջեից 18 մլրդ 76 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- ասել է փոխնախարարը:
Վարչապետը ներկայացրել է որոշմամբ համաֆինանսավորվող ծրագրերը: Այսպիսով՝ գումար կհատկացի հետևյալ ծրագրերի համար. Արարատի մարզ՝ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի ճանապարհների վերանորոգում, 1-ին փուլ (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, ասֆալտապատվել է 660 մ երկարությամբ ճանապարհ), Վեդի համայնքի Վեդի և Լուսառատ բնակավայրերի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 75%, նորոգվել են 10 բազմաբնակարան շենքերի 3893 քմ մակերեսով տանիքները, շահառուները՝ 180 տնային տնտեսություն), Արմավիրի մարզ՝ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 2 մսուր-մանկապարտեզի գույքի և սարքավորումների ձեռքբերում (ավարտված, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 70 սանի համար), Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի Ա. Մանուկյան 1-ին թաղամասի 3 փողոցների հիմնանորոգում, Վ. Տերյան, Սուրբ Մ.Խորենացի փողոցների և Չարենց թաղամասի բազմաբնակարան բնակելի շենքերի բակային ճանապարհների հիմնանորոգում ասֆալտապատմամբ (ավարտված, ասֆալտապատվել է 6,5 կմ երկարությամբ ճանապարհ), Արաքս համայնքի Ապագա բնակավայրի 15-րդ փողոցի ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 496 մ երկարությամբ ճանապարհ), Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ և Ն. Գետաշեն բնակավայրերում գազամատակարարման համակարգի կառուցում (ավարտված, կառուցվել է 5 կմ գազատար, շահառուները՝ 340 տնային տնտեսություն), Գավառ համայնքի Գավառ բնակավայրում շատրվանային համակարգի տեղադրում (ավարտված), Կոտայքի մարզ՝ Գառնի համայնքի Գառնի բնակավայրի Մարտիրոսյան, Շիրակացի, Չարենց, Գրիբոյեդով, Բաղրամյան փողոցների և գերեզմանատուն տանող ճանապարհի ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 2,5 կմ ճանապարհ), Գառնի համայնքի Գառնի, Գողթ, Գեղադիր և Հացավան բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 3,5 կմ ճանապարհ), Նաիրի համայնքի Եղվարդ բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 85%, կառուցվել է 1,6 կմ ջրատար խողովակաշար, շահառուները՝ 500 տնային տնտեսություն), Սյունիքի մարզ՝ Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 1,5 կմ ճանապարհ), Կապան համայնքի Կապան բնակավայրի համայնքապետարանի մասնաշենքի ուժեղացում, վերակառուցում և նոր մասնաշենքի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, կառուցվել, վերակառուցվել և բարեկարգվել է 3574 քմ մակերեսով տարածք), Կապան համայնքի Կապան բնակավայրի թիվ 2 մանկապարտեզի շենքի հիմնանորոգում և տարածքի բարեկարգում (ավարտված, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 140 սանի համար), Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի Բակունցի 5, Բակունցի 9, Խանջյան 12, Լեռնագործներ 19 բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ (կատարված շինարարական աշխատանքները՝ 90%, նորոգվել են 4 բազմաբնակարան շենքերի 4924 քմ մակերեսով տանիքները, շահառուները՝ 136 տնային տնտեսություն), Վայոց ձորի մարզ՝ Արենի համայնքի Ելփին բնակավայրում մանկապարտեզի շենքի կառուցում (ավարտված, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 60 սանի համար):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում