Չպիտի լինի տնտեսվարող, որ վճարի օրենքով նախատեսվածից 1 լումա պակաս հարկ և տուրք. Փաշինյան

1 Min Read

Վերջին ամիսներին ես տնտեսվարողներից նամակներ եմ ստանում այն մասին, որ հարկային մարմինները չափից ավելի խստապահանջ են, նաև քննչական մարմիններն են չափի ավելի խստապահանջ: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 27-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի շրջանակում վարչապետը մեջբերեց աշխատանքային քննարկումների արդյունքում Կառավարության որդեգրած սկզբունքը:

«Մեր սկզբունքը հետևյալն է, որ ՀՀ-ում չպետք է լինի որևէ տնտեսվարող, որն ունենա օբյեկտիվ հիմք՝ ասելու, որ Կառավարությունը հարկային գործունեության, ֆիսկալ պրոցեսների արդյունքում իրենից վերցրել է թեկուզ մի լումա ավելի հարկ կամ տուրք:

Բայց, մյուս կողմից, Կառավարության դիրքորոշումն էլ այն է, որ չպիտի լինի տնտեսվարող, որ վճարի օրենքով նախատեսվածից 1 լումա պակաս հարկ և տուրք: Կարծում եմ՝ սա շատ կարևոր, սկզբունքային, օրինական և արդար մոտեցում է»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ շաբաթ օրը տնտեսական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ լինելու է աշխատաժողով, և խոստացավ վերջինիս շրջանակում այդ հարցը ևս քննարկել:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ստացած նամակներից մի քանիսը մակագրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի քննարկվի և պարզվի՝ որ փաստարկն է արդարացի, որը՝ ոչ այնքան: Ըստ վարչապետի՝ շաբաթ օրը, լսելով փոխվարչապետին, կամփոփվեն քննարկումների արդյունքները, և կձևակերպվի հարցի վերաբերյալ Կառավարության մոտեցումը:

«Բայց բոլոր դեպքերում մեր մոտեցումն արդեն իսկ ձևակերպված է՝ ո՛չ մի լումա ավելի, ոչ մի լումա՝ պակաս»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով