Հայաստանում աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է արձանագրվել. Փաշինյան

2 Min Read

Հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ ՀՀ-ում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է արձանագրվել. 2025 թվականի հոկտեմբերին արդեն ունենք 810 հազար 74 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատությամբ ավելի քան 5000-ով ավելի է: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 27-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները:

Փաշինյանը թվերը համեմատեց նաև 2018 թվականի հոկտեմբերի ցուցանիշների հետ: Ըստ այդմ՝ 2018 թվականի հոկտեմբերի համեմատությամբ աշխատատեղերն ավելացել են 223 895-ով, իսկ ընդհանուր համախառն աշխատավարձի ֆոնդն ավելացել է 149 մլրդ դրամով, և միջին աշխատավարձը, որը հոկտեմբերին կազմել է 313 հազար դրամ, ավելացել է 135 000 դրամով:

«Հիմա այս կարգի տնտեսական ցուցանիշները, բարեբախտաբար և ուրախալի կերպով, նորություն չեն, որովհետև Կառավարության նիստին այս թեմաներին պարբերաբար անդրադառնում ենք»,- ասաց նա:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 10,1 տոկոս ՏԱՑ-ի աճ, իսկ արդեն 2025 թվականի առաջին 10 ամիսներին նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատությամբ ՏԱՑ-ը կազմել է 8,1 տոկոս:

«Սա նույնպես, կարծում եմ, շատ կարևոր և պոզիտիվ ցուցանիշ է: Նաև ընդգծեմ, որ սա ՏԱՑ-ն է, և տնտեսական աճի հաշվարկը չէ, բայց նաև պիտի արձանագրեմ (եթե ճիշտ եմ հիշում թվերը)՝ 9 ամիսներով ունենք արդեն 6 տոկոս արձանագրված տնտեսական աճ: Կարծում եմ՝ սրանք, իսկապես, շատ լավ ցուցանիշներ են, և պետք է արձանագրել, որ արդեն ոչ առաջին տարին մեր տնտեսության աճը կանխատեսվածից տեսանելիորեն ավելի է:

Նաև կարծում եմ՝ սրա պատճառն այն է, որ մենք անընդհատ մեր քաղաքականություններում, բացի ենթակառուցվածքներից, ընդգծում ենք մարդու ստեղծարար աշխատանքի կարևորությունը, և այդ ստեղծարար աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առումով՝ կրթության կարևորությունը: Կարծում եմ՝ այս ուղերձներն ընկալվում են, և այդ ուղերձներն իրագործվում են ամենօրյա կյանքում»,- նշեց նա:

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով