ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԳԱԼԻ ԱՃ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Արդեն մի քանի օր է` հայաստանյան հանրությունը ցնցված է Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության դեպքից։ ՀՀ ոստիկանության փոխանցմամբ՝ դաժանորեն սպանվել են 31-ամյա մի կին և նրա երկու երեխաները։ Հանրության շրջանում վրդովմունքն ավելի խորացավ, երբ պարզ դարձավ, որ հանցագործները ազգությամբ հայ են։ Այս հարցի շուրջ ձևավորվել է խիստ դիրքորոշում․ բնակչության կողմից նույնիսկ կոչեր են հնչում չեղարկել մահապատժի կիրառման արգելքը այս երկու մեղադրյալների պարագայում։

Ստեղծված իրավիճակում հարկ է առաջանում դիտարկել մարդու անձի դեմ իրականացված հանցագործությունների մակարդակը Հայաստանում: Մեզ մոտ 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերի դրությամբ արձանագրվել է հանցագործության 26,489 դեպք, ընդ որում՝ արձանագրված հանցագործությունների 13 %-ը՝ ծանր աստիճանի։

2022 թ․-ի և 2021 թ․-ի հունվար-սեպտեմբերի դրությամբ մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինը եղել է հետևյալ մակարդակներում․

Գծապատկեր 1 2022 թ․-ի և 2021 թ․-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում մարդու անձի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի մասնաբաժինը

Գծապատկեր 1-ից արձանագրում ենք, որ մարդու անձի դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինը 2022 թ․-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում նվազել է 4 տոկոսային կետով՝ համեմատած 2021 թ․-ի նույն ժամանակաշրջանի հետ։ 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին այս հանցագործությունների մասնաբաժինը կազմել է 18 %։

Ներկայացնենք մարդու դեմ ուղղված հանցագործությունների արձանագրված դեպքերի քանակը․

Գծապատկեր 2․ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակը 2022 թ․ և 2021 թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում

Համաձայն Գծապատկեր 2-ի՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին, 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 62 %-ով՝ կազմելով 4,900 դեպք։ Խոստովանենք, որ 62 %-ով աճը իրապես մտահոգիչ է։

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքը 2022 թ․ և 2021 թ․ հունվար-սեպտեմբերին եղել է հետևյալը․

Գծապատկեր 3․ Մարդու անձի դեմ ուղղված հանցագործությունների արձանագրված դեպքերի կառուցվածքը 2022 թ․ և 2021 թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր դեպքերում, 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերի դրությամբ, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելն ունեցել է 25 % մասնաբաժին, որը 11 տոկոսային կետով գերազանցում է 2021 թ․-ի ցուցանիշին։

Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին ունեցել են 1,5 %, իսկ 2021 թ․-ի նույն ժամանակահատվածում՝ 2,4 % մասնաբաժին։

Սպանության փորձի տեսակարար կշիռները 2022 թ․ և 2021 թ․ հունվար-սեպտեմբերին կազմել են համապատասխանաբար 0,7 % և 1,4 %, իսկ սպանության դեպքերի մասնաբաժինը արձանագրել է համապատասխանաբար 7 % և 1 % արդյունքները։

Փաստորեն, ստացվում է, որ 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին սպանության դեպքերի մասնաբաժինը շուրջ 6 տոկոսային կետով գերազանցել է 2021 թ․-ի նույն ժամանակահատվածում արձանագրված մասնաբաժնին։

Մյուս կողմից արձանագրենք, որ, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, որը իրենից ներկայացնում է ոստիկանության ամփոփ տեղեկատվությունը, 2022 թ-ի հունվար-սեպտեմբերին, 2021 թ․-ի հունվար-սեպտեմբերի համեմատ, սպանության դեպքերի թվաքանակն աճել է 8 անգամ։

Կիսվեք այս հոդվածով