- Firebird-ը՝ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունն իր առաջին պաշտոնական քայլն է կատարում Հայաստանում գործունեությունը ընդլայնելու ուղղությամբ՝ սկսելով 500 միլիոն դոլարի ներդրումից:
- Այս կարևորագույն իրադարձությունը նոր էջ է բացում ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համագործակցության մեջ՝ հաջորդ սերնդի արհեստական բանականության տեխնոլոգիայի և նորարարության ոլորտում:
Firebird-ը՝ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունը, ստացել է ԱՄՆ արտահանման թույլատվություն և հայտարարում է Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։ Սա բազմամիլիարդանոց մեգանախագծի մեկնարկային փուլն է, որի նպատակն է տարածաշրջան բերել բարձր հզորությամբ ԱԲ գերհամակարգչային ենթակառուցվածք։ Այս ձեռքբերումը բացում է ԱՄՆ-Հայաստան համագործակցության նոր էջ առաջատար տեխնոլոգիաների, նորարարության և ԱԲ ոլորտի առաջընթացում։
Ինչպես նախապես հայտարարվել էր NVIDIA-ի կողմից Փարիզում անցկացված GTC համաժողովում, Firebird-ը կստեղծի տարածաշրջանի ամենաառաջադեմ ԱԲ կլաստերներից մեկը, որը կգործի Dell Technologies-ի PowerEdge բարձր արդյունավետությամբ ԱԲ սերվերներով և NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով (GPU)։ Այս գրաֆիկական պրոցեսորները հնարավորություն կտան գիտահետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին լայնածավալ կերպով գործարկել ժամանակակից ԱԲ մոդելներ։
Նախագծի առաջին փուլի գործարկումը նախատեսված է 2026 թվականի առաջին կեսին՝ Հայաստանը դիրքավորելով որպես ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն տարբեր ոլորտներում՝ շեշտը դնելով կենսաբանական գիտությունների, ռոբոտաշինության և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտների վրա։
«Firebird-ի ապագա կենտրոնները կմատակարարեն կայուն և բարձր արդյունավետությամբ ԱԲ ենթակառուցվածք՝ հիմնված ամերիկյան տեխնոլոգիական շղթայի և ԱՄՆ չափանիշների վրա՝ սպասարկելով զարգացող շուկաները։
«Մեր տեսլականն է առաջադեմ ԱԲ-ն հասանելի դարձնել յուրաքանչյուրին՝ ընդհանուր բարիքի համար։ Մենք կառուցում ենք այն տեխնոլոգիական հիմքը, որը ամենուրեք հնարավորություն է տալու ինժեներներին, հետազոտողներին և ստեղծարար մարդկանց աշխատել համաշխարհային մակարդակի գործիքներով»,-նշել է Firebird-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը՝ հավլելով.
«Այս ներդրումը հիմնարար նշանակություն ունի Հայաստանի թվային և ԱԲ ապագայի ձևավորման համար»։
Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը հավելել է․
«Հայաստանում ձևավորում ենք ժամանակակից թվային և ԱԲ էկոհամակարգի հիմքեր, ինչը կարող է բարձրացնել տեղական մասնագիտական ներուժը և ներգրավել գլոբալ նորարարություն։ Սա կարևոր քայլ է Հայաստանի տեխնոլոգիական ապագայի համար»։
Նա հավելել է․
«Այս ջանքերը արտացոլում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ամուր պետական-մասնավոր գործընկերությունը և հանդիսանում են փոխադարձ վստահության և տեխնոլոգիական առաջընթացի վրա կառուցված համագործակցության մոդել»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
