Երեխայի միանվագ ծննդյան նպաստն այս պահին կարգավորվում է ըստ երեխայի կարգաթվի, այսինքն՝ կախված նրանից, թե երեխան որերորդն է ընտանիքում, տրվում է տարբեր չափի աջակցություն:
1-ինի և 2-րդի դեպքում տրվում է 300 հազար դրամ, 3-րդ, 4-րդի դեպքում՝ 1 մլն դրամ, 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ 1,5 մլն դրամ:
Այդ մասին գործող որոշման մասին Կառավարության՝ նոյեմբերի 20-ի նիստին հիշեցրեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով վերջինիս փոփոխությանն առնչվող նոր որոշման նախագիծը:
«Հաշվի առնելով թե՛ մեր ունեցած փորձը, թե՛ միջազգային փորձը, թե՛ այն տրամաբանությունը, որը դրված է այս նպաստի հիմքում, ինչը երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն է միտված, այսինքն՝ դա այս պահին ընտանիքին աջակցող ծախսերն են, որոնք որևէ կարգաթվով պայմանավորված չեն (կապ չունի՝ որ երեխան է ծնվում, ծախսերը միատեսակ են), առաջարկում ենք այն համահարթեցնել»,- ասաց նախարարը:
Ըստ Թորոսյանի՝ երեխայի ծննդյան այս նպաստը հաճախ ծառայում է ոչ իր հիմնական նպատակին, և որ լինում են շատ դեպքեր, երբ հատկապես 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա են ունենում գումարի համար, հետո դժվարութուններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու և մեծացնելու հարցում:
«Առաջարկում ենք բոլոր դեպքերում սահմանել 500 հազար դրամ, ինչը նշանակում է, որ 1-ին և 2-րդ երեխայի դեպքում ունենում ենք աճ»,- ասաց նախարարը և հավելեց՝ 300 հազարը միանգամից դառնալու է 500 հազար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ստացվում է՝ առաջին երեխայի ծննդյան գումարն ավելանում է 200 հազար դրամով, երկրորդ երեխայի ծննդյան գումարն ավելանում է 200 հազար դրամով, իսկ երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար մշտապես վճարվող ամսական գումարը դառնում է 50 հազար՝ գումարած 500 հազար դրամը:
«Այսինքն՝ իրականում բոլորի դեպքում էլ ավելացնում ենք»,— ասաց վարչապետը:
Կարգավորումն ուժի մեջ է մտնելու 2026-ի սեպտեմբերի 1-ից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում