G20-Ի ԱՄԵՆԱԼԱՐՎԱԾ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ` ԻՆԴՈՆԵԶԱԿԱՆ ԲԱԼԻ ԿՂԶՈՒՄ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Նոյեմբերի 15-ին սկսվում է G20-ի կամ Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովը Ինդոնեզիայի Բալի կղզում։ Կարելի է ենթադրել, որ այս հանդիպումը լինելու է ամենալարվածն ու անկանխատեսելին՝ պայմանավորված աշխարհում ստեղծված խնդիրներով, որոնք առաջացել են ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում, ինչպես նաև Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրման հետևանքով։ Իրավիճակն այնքան խրթին է, որ հյուրընկալող կողմը՝ Ինդոնեզիան, խնդրել է Արևմտյան երկրներին մեղմել հռետորաբանությունը Ռուսաստանի դեմ՝ հույս ունենալով գագաթնաժողովի վերջում դրա արդյունքների հիման վրա ընդունել համատեղ դեկլարացիա։

Սակայն այս նախաձեռնությանը դժվար է թերահավատորեն չվերաբերվել, քանի որ տարբեր հարթակներում ԱՄՆ-ը և Արևմուտքը ջանք չեն խնայում Ռուսաստանի հասցեին տարաբնույթ մեղադրանքներ հնչեցնել։ ՌԴ-ն էլ իր հերթին պատասխանում է նույն ձևով։

Այսպես, վերջերս Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ կոչ էր արվում Արևմտյան երկրներին զերծ մնալ խաղաղության և անվտանգության հարցերի քննարկումը G20-ի գագաթնաժողովին ներկայացնելուց։ Ռուսական կողմի կարծիքով, Մեծ քսանյակի հիմնական նպատակը տնտեսական և հումանիտար հարցերի քննարկումն է, իսկ անվտանգության հարցերով պետք է զբաղվի նախ և առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ինչպես նաև այդ նպատակով ստեղծված այլ կառույցները։

G20-ի այս տարվա գագաթնաժողովի օրակարգային հարցերից են լինելու առողջապահությունը, թվային տեխնոլոգիաները բիզնեսում, ինչպես նաև տնտեսական մի շարք  այլ կարևոր հիմնահարցեր։ Պետք է ընդունել, որ այժմ G20-ը բախվել է տնտեսական լուրջ խնդիրների։ Մասնավորապես, նկատվում է տնտեսական աճի դանդաղեցում և գների զգալի բարձր մակարդակ։ Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել G20-ի երկրների արձանագրած արդյունքները տնտեսական աճի մասով․

Գծապատկեր 1․ Տնտեսական աճի մակարդակը G20-ի անդամ երկրներում 2022 թ․-ի հունիս և սեպտեմբեր ամիսներին

Վիճակագրական տվյալների համաձայն՝ տնտեսության միակ անկումը դիտվում է Ռուսաստանում, որտեղ դեռևս 2022 թ.-ի հունիսի դրությամբ տնտեսական աճի անկումը կազմել է 4,1 %։ Առավելագույն աճ արձանագրել է Հնդկաստանը՝ 13,5 %`  2022 թ.-ի հունիսի դրությամբ։

Հաջորդիվ ներկայացնենք գնաճի մակարդակը Մեծ քսանյակի երկրներում․

Գծապատկեր 2․ Գնաճի մակարդակը G20-ի անդամ երկրներում 2022 թ.-ի հոկտեմբեր և սեպտեմբեր ամիսներին

Էրդողանի «փայլուն» տնտեսական քաղաքականության արդյունքում Թուրքիան արձանագրել է գնաճի առավելագույն մակարդակը մեծ քսանյակի երկրների շարքում։ Թուրքիայում գնաճը 2022 թ.-ի հոկտեմբերին կազմել է ոչ ավելի, ոչ պակաս մոտ 86 %։

Երկրորդ տեղում է Արգենտինան՝ 83 % ցուցանիշով։ Եվրոպայում նույնպես ռեկորդներ են արձանագրվում և այս ցուցակում եվրոպական երկրների շարքը գլխավորում է Նիդերլանդները, որտեղ 2022 թ.-ի հոկտեմբերի դրությամբ գնաճը կազմել է 14,3 %։

Բարձր գնաճ է նաև ՌԴ-ում՝ 12,6 %։

Կիսվեք այս հոդվածով