Reuters-ը հաղորդում է, որ Ռուսաստանը գրեթե կիսով չափ կրճատել է զենքի արտահանումը 2022 թվականի մակարդակի համեմատ՝ հղում անելով «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին ռուսական պաշտպանական ընկերությունները իրենց ուշադրությունը կենտրոնացրել են ներքին շուկայի վրա։
«Մենք ստիպված ենք մեր արտադրանքի մեծ մասը մատակարարել բանակին», — ասել է Չեմեզովը՝ նշելով, որ արևմտյան պատժամիջոցները զգալիորեն բարդացրել են պաշտպանական արդյունաբերության ընկերությունների գործունեությունը։
Լիամասշտաբ ներխուժումից առաջ Ռուսաստանը տարեկան մոտ 14 միլիարդ դոլար էր վաստակում զենքի արտահանումից և աշխարհի խոշորագույն զենքի մատակարարներից մեկն էր։
Սակայն, բաց աղբյուրների համաձայն, վաճառքի ծավալները 2024 թվականին նվազել են մինչև մոտ 1 միլիարդ դոլար, ինչը 92%-ով պակաս է 2021 թվականի համեմատ։ Ընդհանուր առմամբ, 2022-2024 թվականների ժամանակահատվածի անկումը կազմել է 47%, իսկ վերջին հինգ տարիների ընթացքում՝ մոտ 64%։
Ռուսաստանի մասնաբաժինը համաշխարհային զենքի շուկայում 21%-ից նվազել է մինչև 7.8%, ինչը աննախադեպ անկում է այն երկրի համար, որը տասնամյակներ շարունակ եղել է զենքի խոշորագույն արտահանողների եռյակում և դրա վրա է կառուցել իր միջազգային «ռազմական» կերպարը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում