Չինաստանի և Թայվանի հարաբերությունների վատթարացումն արդեն իսկ սկսել է բացասական ազդել Թայվանի տնտեսության վրա, որտեղ մի շարք խոշոր կորպորացիաներ որոշում են կայացրել արտադրությունը մասամբ տեղափոխելու մասին։ Նման կորպորացիաներից է սմարթֆոնների չիպերի արտադրությամբ զբաղվող MediaTek ընկերությունը։ Վերջինս «աստիճանաբար» հեռանում է Թայվանից, ինչի հիմնական պատճառն այն է, որ սարքավորումների արտադրությամբ զբաղվող բազմաթիվ խոշոր ընկերություններ պահանջում են, որպեսզի չիպերի մատակարարումն իրականացվի տարբեր աղբյուրներից, օրինակ՝ Թայվանից և ԱՄՆ-ից կամ եվրոպական երկրներից։ Այս մասին հայտնել է MediaTek ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիկ Ցայը։ Նա նշել է, որ ընկերությունը պետք է գտնի միևնույն չիպի մատակարարման մի քանի աղբյուր, եթե բիզնեսը պահանջում է դա։
Կալիֆորնիայում ԶԼՄ-ների և վերլուծաբանների համար իրականացվող միջոցառման շրջանակներում Ցայն իր գործընկերների հետ ներկայացրել է ընկերության հիմնական նպատակը՝ եռապատկել կամ քառապատկել վաճառքի ծավալները։ Այդ նպատակով MediaTek-ը պատրաստվում է զարգացնել բիզնեսն ԱՄՆ-ում՝ համագործակցելով ամերիկյան այնպիսի խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են Global Foundries Inc-ը, TSMC-ն Արիզոնայում։
Այդուհանդերձ Ցայը նշել է, որ խելամիտ չէ ամբողջությամբ հրաժարվել առաջատար չիպերի արտադրությամբ զբաղվող ամենակարևոր տարածաշրջանից՝ Թայվանից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում