Երկրի բնակչության թիվը՝ ՄԱԿ-ի գնահատականներով, հասել է 8 միլիարդի. կազմակերպությունը նոյեմբերի 15-ի համար կանխատեսել էր, որ այդ նշագիծը կհաղթահարվի։ ՄԱԿ-ի կայքում «8 միլիարդի օրը» նշվում է որպես «մեկնարկած»:
ՄԱԿ-ի կանխատեսումը հրապարակվել էր դեռևս ամռանը՝ որպես «Աշխարհի բնակչության հեռանկարներ 2022» զեկույցի մի մաս։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2023 թվականին Հնդկաստանը կդառնա աշխարհի ամենաբնակեցված երկիրը։ Այժմ այս կոչումը պատկանում է Չինաստանին։
Երկրի ութ միլիարդերորդ բնակչի ծնունդը առիթ է նշելու մարդկանց բազմազանությունը և հիանալու բժշկության նվաճումներով, որոնք թույլ են տվել մարդկանց ավելի երկար ապրել և կրճատել երեխաների և կանանց մահացությունը ծննդաբերության ժամանակ,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
ՄԱԿ-ը գրել է, որ այժմ աշխարհի բնակչությունն աճում է 1950-ականներից ի վեր ամենադանդաղ տեմպերով, 2020 թվականին այդ տեմպն իջել էր 1 %-ից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2030 թվականին երկրագնդի բնակչությունը կհասնի 8,5 միլիարդի, իսկ 2050 թվականին՝ 9,7 միլիարդի։ 9 միլիարդ մարդու «կլոր նշագծին» հասնելը կարող է տևել 15 տարի, իսկ 10 միլիարդ՝ միայն 2080 թվականին, ավելացրել է BBC-ն։ ՄԱԿ-ի գնահատմամբ՝ 2080-ականներին աշխարհի բնակչությունը կկազմի 10,4 միլիարդ մարդ և կմնա այդ մակարդակում մինչև 2100 թվականը: Բնակչության թվի աճը 7 միլիարդից մինչև 8 միլիարդ տևել է 12 տարի:
Դժվար է հաշվարկել այն մարդկանց ստույգ թիվը, ովքեր այժմ ապրում են մոլորակի վրա, և ՄԱԿ-ը խոստովանում է, որ իր գնահատականները կարող են մեկից երկու տարով հետ մնալ իրականից, նշել է BBC-ն։ Նոյեմբերի 15-ը՝ մոտավոր, խորհրդանշական ամսաթիվ է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում