Սակագնի բարձրացումը կամ իջեցումը կախված է տվյալ ֆինանսական տարվանից. ՀԾԿՀ նախագահ

3 Min Read

Ֆարս տեղի ունեցավ նիստին նախորդող օրերին: Նույնիսկ քաղաքական ակցիա արեցին, սոցկայքերում էլ ֆլեշմոբներ արեցին, թե սակագինն իջեցրե՛ք, ու նույնիսկ այստեղ ելույթ ունեցող ՀԿ-ներից մեկը պրիմիտիվ սխալ ու ոչ կոռեկտ արտահայտություններ է անում, որ «Տաշիր» ընկերությունը կամ ՀԷՑ-ը ազգաբնակչությանը խոստացել էր, թե մինչև 2031 թվականը չի բարձրացնի սակագինը. սա լրիվ կեղծ հարցապնդում է: Այդ մասին ՀԾԿՀ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

«ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնողը կամ բարձրացնողը…, այդ իրավասությունը բացառապես տրված է ՀԾԿՀ-ին: Այլ բան, որ կարգավորվող ընկերություններն իրավունք ունեն տարին մեկ կամ երկու անգամ հանդես գալու այդ սակագներն իջեցնելու կամ բարձրացնելու առաջարկությամբ: Դրա որոշողը մենք ենք, իրենք չեն»,- ասաց նա և հավելեց՝ սակագնի բարձրացումը կամ իջեցումը կախված է տվյալ ֆինանսական տարվանից։

Անդրադառնալով բուն քննարկումներին, թե կա սակագինն իջեցնելու հնարավորություն, և որ իբրև թե դիմել են ՀԾԿՀ նախագահին այս հարցով, բայց վերջինս մերժել է, Մեսրոպ Մեսրոպյանը պարզաբանեց. «Սակագինը բազմակոմպոնենտ գումարելի է, այդ գումարելին ձևավորվում է մի քանի տարբեր գումարելիներից: Եվ երբ ամփոփում ենք ֆինանսական տարին, արդեն այս կամ այն գումարելին կարող է դրական ազդել ընդհանուր արդյունքի վրա, այս կամ այն գործոնը կարող է բացասական ազդել ընդհանուր արդյունքի վրա: Եվ այդ դրական ու բացասական ազդեցությունների հանրագումարում է, որ հանձնաժողովը հասկանում է պատկերը՝ կարո՞ղ է սակագին իջեցնել, թե՞ չի կարող, նպատակահարմա՞ր է, թե՞ չէ»:

Ըստ Մեսրոպյանի՝ իրեն ուղղված գրության մեջ նշված է 6 ամսվա կտրվածքով 3,6 մլրդ դրամի օգուտներ ունենալու մասին: Բայց դրան զուգահեռ առաջարկվել է նաև 6 ամսվա կտրվածքով կատարված ներդրումները մտցնել սակագնի մեջ, մինչդեռ ներդրումների չափը սակագնի մեջ մտցնելը, ըստ Մեսրոպ Մեսրոպյանի, բերելու է բացասական ազդեցություն:

«3,6 մլրդ դրամի դեպքում 6 ամսվա կտրվածքով ձևավորվելու էր 0,5 դրամի սակագնի իջեցման հնարավորություն, բայց եթե ներդրումային ծրագրերը մենք մտցնեինք սակագին, տարբերությունը կրճատվելու էր, և ընդամենը 0,2 դրամի մասին էր խոսքը լինելու: Որպեսզի լավ հասկանանք՝ ինչ թվաբանության մասին է խոսքը, [նշեմ, որ] եթե միջին սպառողը ՀՀ-ում 200-250 կիլովատտ-ժամ հոսանք է սպառում տարվա կտրվածքով, [ապա] ամսական 40-50 դրամի մասին էր խոսքը:

Կարող եք պնդել՝ ի՞նչ կապ ուներ, իջեցնեիք: Ընդունելի պնդում է, բայց խնդիրն այստեղ ոչ թե թվաբանությունն է, այլ համապատասխան գործոնների ազդեցությունը գնահատելուց հետո կարևոր է հասկանալ, որ իջեցումը, որին հանձնաժողովը որոշում է գնալ, կկարողանա՞ առաջիկա տեսանելի 2-3 տարում պաշտպանել, թե՞ պետք է 6 ամիս հետո գա, ասի՝ կներե՛ք, ժողովո՛ւրդ, այս պլյուսները կան, քանի որ ձմեռն ազդակներ եղան, դոլարի կուրսը թանկացավ, ջրի պակաս կար, հիդրոռեսուրսներով հիդրոկայանները քիչ աշխատեցին, ստիպված պետք է թանկացնեմ»,- ասաց նա՝ նշելով, որ էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու հարցում առաջինն ինքն է շահագրգիռ, որովհետև խոսքն իր հեղինակությանն է վերաբերում:

«Ինքնանպատակ չիջեցնել սակագինը, անհեթեթ է»,- հայտարարեց ՀԾԿՀ նախագահը:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով