ՀԷՑ-ը զրկվեց էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայից

2 Min Read

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։

«ՀԾԿՀ-ն 4 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ քվեարկությամբ ընդունեց որոշում ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին։
Ժամանակավոր կառավարիչը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև անցումային շրջանի ավարտը՝ ապահովելով կայուն և հուսալի էլեկտրամատակարարում»,- տեղեկացնում են ՀԾԿՀ-ից։
ՀԾԿՀ որոշման մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել նաև ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«ՀԾԿՀ-ն իր որոշմամբ դադարեցրեց ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան։ՀԷՑ-ը ծառայո՛ւմ է մեր ժողովրդին:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն այսօր վերսկսել էր նոյեմբերի 13-ին մեկնարկած ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցի քննարկումը:
Նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրություններ էր ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ 2025-ի հունվարին ՀԷՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը խափանվել է, իսկ 2018-ից սկսած՝ ջնջվել են էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի տվյալները: Սա դիտարկվում էր ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հիմք:
ՀԷՑ-ի թերհավաքագրումներն ու հավելագրումները ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու այլ հիմքեր էին։ Այդպիսի հիմք էր նաև ընկերության կողմից «Տաշիր գրուպի» մեջ մտած այլ ընկերությունների համար ֆինանսական երաշխիքների տրամադրումը վարկեր ստանալու համար։ Վարկերն ընկերությունը ստացել է Հայաստանի առևտրային բանկերից։
Ըստ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի՝ նախկինում զանգվածաբար նաև ոչ ճշմարիտ տվյալներ են ներկայացվել ՀԾԿՀ-ին, ինչի արդյունքում սխալ են գնահատվել բաշխման ցանցի ընթացիկ վիճակը, հոսանքի ընդհատումների իրական քանակը, կորուստների մեծությունները։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով