Ամերիկացի միլիարդատեր, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր, Twitter-ի ղեկավար Իլոն Մասկը Ինդոնեզիայում B20 գործարար համաժողովում ելույթի ժամանակ դժգոհել է չափից ավելի ծանրաբեռնվածությունից, գրում է Bloomberg-ը։
«Ես չափազանց շատ եմ աշխատում, դա միանշանակ է: Ես աշխատում եմ այնքան, որքան կարող եմ՝ առավոտից երեկո, շաբաթը յոթ օր»,- խոստովանել է Մասկը։
Հարցին, թե ինչպես է Tesla-ն դիմակայում իր մատակարարման շղթաների խափանումներին, Մասկը պատասխանել է, որ մեծ դժվարությամբ է հաղթահարում ընկերության առջև ծառացած խնդիրները:
Իլոն Մասկը հայտնի է իր աշխատասիրությամբ և հեռավար աշխատանքի ձևաչափի մերժմամբ: Bloomberg-ը նշում է, որ երբեմն գործարարը քնում է հենց գրասենյակում։ Հունիսի 1-ին նա պահանջել էր Tesla-ի բոլոր աշխատակիցներից գնալ գրասենյակներում գտնվող իրենց աշխատավայրերը և խոստացել աշխատանքից հեռացնել բոլոր նրանց, ովքեր չեն ներկայացել։
Որպես Twitter-ի ղեկավար Մասկը նաև արգելել է հեռավար աշխատանքը, թեև նրա աշխատակիցներից շատերը նախկինում աշխատել են գրասենյակից դուրս աշխարհի տարբեր երկրներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում