ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երկարաձգել է Lukoil International GmbH-ի՝ «ԼՈՒԿՕՅԼ»-ի արտասահմանյան ակտիվների հետ գործարքներ իրականացնելու լիազորությունը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 13-ը։ Այդ մասին նշված է գերատեսչության կայքում հրապարակված փաստաթղթում։ Սկզբնական լիցենզիայի ժամկետը սահմանված էր նոյեմբերի 21։
Միաժամանակ նախարարությունը թույլատրել է Բուլղարիայում գործող մի շարք «ԼՈՒԿՕՅԼ» ընկերությունների՝ «ԼՈՒԿՕՅԼ Բուլղարիա», «ԼՈՒԿՕՅԼ Ավիացիա Բուլղարիա», «ԼՈՒԿՕՅԼ Բուլղարիա Բունկեր», «ԼՈՒԿՕՅԼ Նեֆտոհիմ Բուրգաս», ինչպես նաև դրանց կողմից 50%-ից ավելի բաժնեմասն ունեցող կազմակերպությունների հետ կապված գործարքները։ Լիցենզիան տարածվում է նաև «Ռոսնեֆտ»-ի հետ իրականացվող գործարքների վրա՝ մասնավորապես Ղազախստանում գտնվող Կարաչագանակի հանքավայրի նախագծի շրջանակներում։
«ԼՈՒԿՕՅԼ»-ը և «Ռոսնեֆտ»-ը հոկտեմբերի 22-ին հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների տակ, որոնք վերաբերում էին նաև մի շարք դուստր ձեռնարկություններին։ Դրան հաջորդաբար՝ հոկտեմբերի 28-ին, «ԼՈՒԿՕՅԼ»-ը հայտարարել էր իր միջազգային ակտիվները վաճառելու մտադրության մասին։
Հոկտեմբերի 30-ին «ԼՈՒԿՕՅԼ»-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ շվեյցարական Gunvor առևտրային ընկերությունը քննարկում է արտասահմանյան ակտիվների հնարավոր գնման տարբերակը։ Սակայն գործարքի իրականացման համար պահանջվում էր OFAC-ի հավանությունը, ինչպես նաև մի շարք այլ երկրների թույլտվություններ։ Ավելի ուշ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը X սոցիալական ցանցում նշել էր, որ Միացյալ Նահանգները երբեք չի հաստատի «Կրեմլի խամաճիկի» հետ որևէ գործարք, ինչից հետո Gunvor-ը հետ էր վերցրել իր առաջարկը։
