ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Նարեկ Ղահրամանյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը:
Պատգամավորներն առաջարկում են մետաղական ամրանների մասով ներմուծման համար սահմանված տուրքն ավելացնել՝ պաշտպանելով նաեւ տեղական արտադրողի շահերը:
Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո լիցենզիա ստանալու նպատակով ներկայացվող հայտերի մասով ծագած հարաբերությունների նկատմամբ:
Օրենսդրական նախաձեռնության համահեղինակ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ եղել են առաջարկներ: Մասնավորապես, Կառավարությունն առաջարկել է պետական տուրքը բազային տուրքի 55-ապատիկի փոխարեն սահմանել 45-ապատիկ:
Զեկուցողը պարզաբանել է, որ Իրանում ամրանների արտադրության պրոցեսում գազի, էլեկտրաէներգիայի ծախսի եւ աշխատավարձի տարբերությունը Հայաստանում նմանատիպ արտադրական պրոցեսի համեմատ, կազմում է 33 հազար դրամ 1 տոննայի համար: Նա նաեւ նշել է այն հանգամանքը, որ ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի շրջանակներում սահմանվել է ամրանների ներմուծման 0 տոկոս մաքսատուրք, ինչը նախկինում կազմում էր 5 տոկոս (շուրջ 10.000) դրամ: Միաժամանակ, այդ մասով նվազել է վճարվող ԱԱՀ-ի չափը, ինչը կազմում էր շուրջ 2000 դրամ: Հետեւաբար, նշված բաղադրիչները ձեւավորում են շուրջ 45 հազար դրամի տարբերություն 1 տոննայի հաշվարկով, ինչն էլ հնարավորություն է տալիս ներմուծողին նվազեցնել ներմուծված ամրանների վաճառքի գինը:
Օրենքի նախագծի վերաբերյալ եղել են նաեւ տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծի լրամշակված տարբերակին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում