Զբոսաշրջության ոլորտը ՀՀ տնտեսության առանցքային ճյուղերից է, որը կարիք ունի զգալի փոփոխությունների։ Դրա մասին է վկայում 2025թ․ հունվար-սեպտեմբերին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակի բավականին փոքր աճը։
Մասնավորապես, 2025թ․ հունվար-սեպտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը, համաձայն Վիճակագրական կոմիտեի, կազմել է 1,734, 247 մարդ, որը 2024թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է ընդամենը 0․8%-ով։
Միևնույն ժամանակ, ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակը 2025թ․ հունվար-սեպտեմբերին կազմել է 1,330,853 մարդ, որը 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2․2%-ով։
Հայաստանից զբոսաշրջային այցելությունների աճը վկայում է մարդկանց կենսամակարդակի փոփոխության մասին։ Բոլորի համար էլ պարզ է, որ առանց ֆինանսական ապահովվության հնարավոր չէ կազմակերպել ճանապարհորդություն դեպի այլ երկրներ։ Այստեղ օգնության են գալիս նաև ՀՀ առևտրային բանկերի կողմից առաջարկվող ճամփորդական վարկերի շահավետ առաջարկներն ու բազմապիսի ծառայություններից օգտվելու լայն հնարավորությունները։
Այդուհանդերձ, մեր երկրի համար կարևոր են ՀՀ այցելությունները. զբոսաշրջությունը մի ամբողջական շղթա է, որը ենթադրում է բազմաթիվ փոխկապակցված ենթաոլորտների աշխատանք։
Այս համատեքստում նշենք, որ ՀՀ-ում զբոսաշրջային հոսքերը, ըստ քաղաքացիության, այդքան էլ դիվերսիֆիկացված չեն։ Դրա մասին են վկայում վիճակագրական տվյալները, որոնց հիման վրա կարելի է ուսումնասիրել ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակի կառուցվածքը` ըստ քաղաքացիության․
Վիճակագրության համաձայն՝ 2025թ․ հունվար-սեպտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակի շուրջ 41%-ը Ռուսաստանի քաղաքացիներն են։ Ընդ որում՝ ռուս զբոսաշրջիկների թվաքանակը 2025թ․ հունվար-սեպտեմբերին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 3․7 %-ով։
Երկրորդ տեղում են հայկական քաղաքացիությամբ զբոսաշրջիկները` ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակի մոտ 15%-ը։ Վերջինս 2025թ․ հունվար-սեպտեմբերին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1․2 %-ով։
Երրորդ տեղում են Վրաստանի քաղաքացիները, որոնց մասնաբաժինը ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակում 2025թ․ հունվար-սեպտեմբերին կազմել է մոտ 12%` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5․6%-ով։
Հավելենք նաև, որ թե՛ ռուսական, թե՛ վրացական անձնագրերով զբոսաշրջիկների մի զգալի հատված կարող են լինել ազգությամբ հայերը, որն է՛լ ավելի է նեղացնում ՀՀ այցելած զբոսաշրջիկների շրջանակը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում