Չինաստանի Առևտրի նախարարությունը ժամանակավորապես վերացնում է գալիումի, անտիմոնի և գերմանիումի ԱՄՆ արտահանման արգելքը։ Որոշումը ուժի մեջ կմնա մինչև 2026 թվականի նոյեմբերի 27-ը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով նախարարության հայտարարությանը։
Որոշումը կայացվել է ԱՄՆ և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի միջև հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայում կայացած հանդիպումից հետո, որի ընթացքում երկու կողմերը համաձայնել են լուծել առևտրային մի շարք հակամարտությունների հարցեր և վերացնել փոխադարձ արգելքներն ու պատժամիջոցները։
Միաժամանակ, Չինաստանի իշխանությունները պարզեցրել են ԱՄՆ գրաֆիտի արտահանման ստուգումները և ժամանակավորապես վերացրել են հոկտեմբերին որոշակի հազվագյուտ մետաղների և լիթիումային մարտկոցների հումքի մատակարարման վրա դրված լրացուցիչ սահմանափակումները։
Չինաստանը 2024 թվականի դեկտեմբերին արգելք է դրել կիսահաղորդիչների արտադրության համար անհրաժեշտ գալիումի, գերմանիումի և անտիմոնի ԱՄՆ արտահանման վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Չինաստան կիսահաղորդիչների արտահանման վրա դրված սահմանափակումների։
Վաշինգտոնը իր միջոցառումները հիմնավորել է կիսահաղորդիչների, արհեստական բանականության և ռազմական արդյունաբերության մեջ օգտագործվող տեխնոլոգիաներին Պեկինի հասանելիությունը սահմանափակելու ցանկությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում