Որքա՞ն է կազմում ցորենի ինքնաբավության աստիճանը Հայաստանում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ՀՀ իշխանությունները մեծ գոհունակությամբ օրերս հայտնեցին, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան են ժամանել ղազախական և ռուսական ցորենով բեռնված վագոնները։ Անշուշտ, Հայաստան ներմուծվող ապրանքների ճանապարհների դիվեսիֆիկացիան հնարավորություններ է ստեղծում էապես կրճատելու ՀՀ ներմուծման և արտահանման համար անհրաժեշտ լոգիստիկ ծախսերը, ինչն իր հերթին բավարար պայմաններ կստեղծի տնտեսության զարգացմանն է՛լ ավելի մեծ թափ հաղորդելու համար։

Այս պայմաններում հետաքրքիր է ուսումնասիրել ցորենի և այլ հատիկավորների ինքնաբավության աստիճանը ՀՀ-ում ․

Ըստ Վիճակագրական կոմիտեի մեկնաբանության` ինքնաբավության աստիճանի ցուցանիշը ցույց է տալիս երկրի տվյալ ապրանքի նկատմամբ պահանջարկի բավարարման աստիճանը սեփական միջոցների հաշվին, որը հաշվարկվում է տոկոսներով՝ հետևյալ բանաձևով. արտադրություն / (արտադրություն + ներմուծում — արտահանում)։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ այլ հատիկավորների ինքնաբավության աստիճանը կազմում է մոտ 92%: Վերջինս 2023թ․ համեմատ ավելացել է 6․9 տոկոսային կետով։

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել  վարսակը, որի ինքնաբավության աստիճանը կազմել է մոտ 86%` 2023թ․ համեմատ նվազելով 6․3 տոկոսային կետով։

Երրորդ տեղում է գարին՝ մոտ 55% ինքնաբավության աստիճանով. 2023թ․ համեմատ կրճատվել է 1․4 տոկոսային կետով։

Մյուս կողմում են ամենացածր ինքնաբավության աստիճան ունեցող հատիկավորները։ Մասնավորապես, բրնձի պարագայում 2024թ․ ինքնաբավության աստիճանը կազմել է 0% և որևէ փոփոխություն չի դիտվել 2023թ․ համեմատ։

Նվազագույն ինքնաբավության աստիճանով երկրորդ տեղում է հայտնվել եգիպտացորենը, որի պարագայում 2024թ․ դիտվել է 8․3% արդյունքը։ Վերջինս 2023թ․ համեմատ փոփոխության չի ենթարկվել։

Եվ, վերջապես, երրորդ հորիզոնականում է ցորենը, որի ինքնաբավության աստիճանը 2024թ․ կազմել է մոտ 23%։ Վերջինս 2023թ․ համեմատ նվազել է 5․1 տոկոսային կետով։ Ի դեպ՝ տարվա սկզբին ցորենի պահուստների ծավալը կազմել է մոտ 377 հզր տոննա, արտադրության ծավալները կազմել են 120 հզր տոննա, իսկ ներմուծման ծավալները՝ 411 հզր տոննա։

Ընդ որում՝ 2025թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ներմուծման ծավալները կազմել են 223,806 տոննա։

Մյուս կողմից, 2024թ․ ցորենի սպառման շղթան կազմված է եղել հետևյալ բաղադրիչներից․ սննդի օգտագործում՝ մոտ 386 հզր տոննա, անասնակեր՝ շուրջ 117 հզր տոննա, կորուստներ՝ մոտ 46 հզր տոննա, սերմացու՝ մոտ 21 հզր տոննա, արտահանում՝ շուրջ 4 հզր տոննա և այլ օգտագործում՝ 0․7 հզր տոննա։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով