Եվրամիությունը դադարեցրել է Վրաստանի մասնակցությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող անվտանգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի տարածաշրջանային նախագծերին։ Այդ մասին ասվում է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու՝ երկրի արտաքին գործերի նախարարությանը հասցեագրված նամակում, հայտնում է «Ռուսթավի 2»-ը։
«Վրաստանում տեղի ունեցած բացառիկ հանգամանքների և 2024 թվականի հունիսի 27-ին Եվրոպական խորհրդի եզրակացության համաձայն՝ որի արդյունքը Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացի դե ֆակտո կասեցումն էր, տեղեկացնում եմ, որ Վրաստանի մասնակցությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող անվտանգության և կազմակերպված հանցավորության դեմ տարածաշրջանային նախագծերին կասեցվել է», — նշված է նամակում, որը հասցեագրված է Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբիշվիլուն։
Հերչինսկին նաև հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է երեք նախագծի՝
-
Եվրոպոլի աջակցությամբ Արևելյան գործընկերության շրջանակում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ծրագրին,
-
կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցության (TOPCOP II) նախագծին,
-
և ԵՄ-ում թմրանյութերի մոնիթորինգի ծրագրին (EU4MD II)։
Այս ծրագրերից Վրաստանի հեռացումը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 15-ից և վերաբերում է Վրաստանի ՆԳՆ և արդարադատության նախարարության ներկայացուցիչներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում