Պետական պարտքի շարունակական աճը, ՀՀ ներկայիս իշխանությունների մեկնաբանմամբ, նշանակում է, որ պետությունը չի բավարարվում երկրի համար կարևոր ծրագրերի իրականացման նեղ շրջանակով և փորձում է ընդլայնել այն։ Ավելի շատ ու ավելի մեծ ծրագրերի իրականացումն, իհարկե, ոգևորիչ է հնչում, սակայն մտահոգիչ է գիտակցումը, որ պետք է վերադարձվի ոչ միայն մայր գումարը, այլև տոկոսները, և այդ հսկայական բեռը կրում են պետության քաղաքացիները։
Պետք չէ անտեսել այն երկրների դառը փորձը, որոնք, չկարողանալով սպասակել պարտքը, հայտնվել են բավականին բարդ տնտեսական իրավիճակում՝ կախվածության մեջ ընկնելով պարտատերերից։
Այդուհանդերձ, վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․ համաշխարհային պարտքը կազմելու է համաշխարհային ՀՆԱ-ի 94.7%-ը՝ 2024թ․ համեմատ աճելով 2.3 տոկոսային կետով։
Այս պայմաններում ուսումնասիրենք առավելագույն և նվազագույն ցուցանիշներ արձանագրած երկրները, ինչպես նաև իրավիճակը ԱՊՀ, ԵԱՏՄ և Հարավային Կովկասի երկրներում․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ պետական պարտք/ ՀՆԱ ցուցանիշի ամենաբարձր մակարդակներ արձանագրած երկրների եռյակը հետևյալն է․
- Ճապոնիա՝ 230%,
- Սուդան՝ 222%,
- Սինգապուր՝ 176%։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ պետական պարտք/ ՀՆԱ ցուցանիշի ամենացածր մակարդակներ արձանագրած երկրների եռյակը հետևյալն է․
- Մակաո՝ 0%,
- Լիխտենշտեյն՝ 1%,
- Բրունեյ՝ 2%։
Ուսումնասիրենք իրավիճակը Հայաստանի տնտեսական շահերի կենտրոն-տարածաշրջաններում։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 125%, Ֆրանսիայում՝ 117%, Միացյալ Թագավորությունում՝ 103%։
Միևնույն ժամանակ, Չինաստանում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հաստատվել է 96%, իսկ Հնդկաստանում՝ 81% մակարդակներում։ ԱՊՀ-ում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության առավելագույն մակարդակը դիտվել է ԱՊՀ նախկին անդամ ՈՒկրաինայում՝ 109%, իսկ ներկայիս անդամների շրջանում` Հայաստանում՝ 53%։
Հետևաբար, պարտք/ՀՆԱ ցուցանիշի առավելագույն մակարդակ ԵՏՄ-ում և Հարավային Կովկասում հաստատվել է Հայաստանում։
Այսպես, Ադրբեջանում պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 22%, Վրաստանում՝ 34%, Ռուսաստանում՝ 23%, Թուրքիա՝ 24%, և Իրան՝ 36%։
Ամփոփելով` նշենք, որ մի կողմից մտահոգիչ է, որ տարածաշրջանում Հայաստանն ունի ամենամեծ պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը։ Սակայն, մյուս կողմից անհրաժեշտ է հասկանալ` այս ամենով հանդերձ ՀՀ-ում ինչպիսին է տնտեսական դրությունը այլ առանցքային ցուցանիշների տեսանկյունից, որից հետո կարելի է կատարարել համապատասխան հետևություններ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում