Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ Սյունիքի մարզի Կապան քաղաքում կայացավ «Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովը։
Համաժողովին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյանը, Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը, ներկայացուցիցներ մարզի համայնքներից, ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը և առևտրային բանկերի ղեկավար կազմն ու աշխատակազմի ներկայացուցիչները։
Միջոցառման մեկնարկը տրվեց Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում՝ «Բանկերը մեկ տեղում» էքսպոյով՝ ստեղծելով հարթակ Սյունիքի ձեռնարկատերերի ու բնակիչների համար՝ հանդիպելու բանկերի ներկայացուցիչներին, ներկայացնելու իրենց բիզնես գաղափարներն ու ծանոթանալու ֆինանսավորման ծրագրերին։
Ողջունելով ներկաներին՝ Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն ընդգծեց, որ պարբերաբար անցկացվող մարզային համաժողովների նպատակն է նպաստել պետություն-մասնավոր հատված և բանկային համակարգ երկխոսության մշակույթի զարգացմանը։
«Ունենալով ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակության կարևոր դիրք, բնահումքային հարուստ պաշարներ և արտադրական մեծ ներուժ՝ Սյունքի մարզն, այնուամենայնիվ, ունի զարգացման չբացահայտված պոտենցիալ։ Այս տեսանկյունից ՀԲՄ նախաձեռնության նպատակն է ամրապնդել բիզնեսի և բանկային համակարգի փոխգործակցությունը՝ լսելով գործարարների կարիքներն ու առաջարկները, ներկայացնելով հաջողված փորձը և խթանելով ֆինանսական հասանելիությունը՝ ստեղծելով կայուն ու մրցունակ բիզնես միջավայր մարզերում»,-ընդգծել է ՀԲՄ նախագահը։
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն, իր հերթին, ընդգծեց, որ ֆինանսական համակարգի աջակցությունն ու դրա հասանելիությունը համայնքներին կարևոր են տարածաշրջանային բիզնես միջավայրի զարգացման համար։
«Սյունիքի մարզի առանձնահատկությունը նրա բազմաշերտ տնտեսությունն է՝ հանքարդյունաբերությունից մինչև գյուղատնտեսություն, զբոսաշրջությունից մինչև նորարարական ձեռնարկություններ: Այս բազմազանությունը ստեղծում է անսահման հնարավորություններ։ Եվ հենց այստեղ բանկային համակարգը կարող է դառնալ այն կամուրջը, որը միացնում է գաղափարը՝ ֆինանսավորմանը, իսկ նախաձեռնությունը՝ իրականացմանը»,-նշել է ԿԲ նախագահը։
Էքսպոյին հաջորդած համաժողովի պանելային քննարկումների ընթացքում քննարկվեցին Սյունիքի մարզի բիզնես միջավայրի առանձնահատկությունները և հնարավորությունները, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերի դերը բիզնեսի զարգացման գործում։


















