Եվրոպայից ստացվող լուրերը, ցավոք, այնքան էլ հուսադրող չեն։ Հատկապես անհանգստացնող է Եվրոգոտու տնտեսական վիճակը․ անդամ երկրներն արդեն սկսում են զգալ իրենց անհեռատես և անարդյունավետ քաղաքականության հետևանքները։
Մասնավորապես, ՌԴ-ի նկատմամբ տարված պատժամիջոցները և Ուկրաինայում տիրող պատերազմական իրավիճակը շարունակում են լուրջ վնասներ հասցնել եվրոպական երկրների տնտեսություններին․ արձանագրվում են գնաճի աննախադեպ մակարդակներ, հասունանում է էներգետիկ ճգնաժամ, որն իր անմիջական ազդեցությունն է ունենալու արդյունաբերության ոլորտի վրա։
Էներգետիկ ճգնաժամը հարվածելու է ոչ միայն բիզնես շրջանակներին, այլ նաև ազդելու է շարքային եվրոպացիների կյանքի որակի վրա, ինչը կարող է հանգեցնել ներքին լարվածության։
Այս ամենով հանդերձ՝ Եվրոգոտու բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են պնդել, որ հնարավոր կլինի շուտափույթ շրջանցել առկա ճգնաժամը և հաղթել Ռուսաստանին այս պատերազմում, սակայն իրական փաստերն ու տնտեսական ցուցանիշները բոլորովին այլ բան են հուշում․
Գծապատկեր 1․ Տնտեսական աճի դինամիկան Եվրոգոտում 2022թ․ I-III եռամսյակներում
Եվրոգոտում տնտեսական աճի զգալի դանդաղում է նկատվում։ 2022թ․ առաջին եռամսակից սկսած՝ դիտվում է տնտեսական աճի դինամիկայի անկում։ Արդեն երրորդ եռամսյակում այն արձանագրվել է 2,1% մակարդակում։ Սա խոսում է այն մասին, որ Եվրոգոտում արդեն իսկ սկսել է ռեցեսիա՝ չնայած այն հանգամանքին, որ այս տարածաշրջանում նոր են սկսել հայտնել այդ մասին։ Այս ճգնաժամն անխուսափելի էր, քանի որ կատարված բոլոր հաշվարկները, հավանաբար, սխալ դուրս եկան և չապահովագրեցին Եվրոգոտին աղետից։
Եվրոգոտում խորացող ճգնաժամի մասին են խոսում նաև սպառողների և բիզնեսի վստահության ինդեքսները.
Գծապատկեր 2․ Սպառողների և բիզնեսի վստահության ինդեքսները Եվրոգոտում 2022թ․ հոկտեմբերին
Մեր վերլուծություններում հաճախ ենք անդրադարձել այս ինդեքսներին։ Հիշեցնենք, որ այն տատանվում է -100 —+100 միջակայքում։ Եվրոգոտում այս ինդեքսների արձանագրած բացասական արժեքները վկայում են այն մասին, որ թեʹ սպառողների, թեʹ բիզնեսի վստահությունը Եվրոգոտու տնտեսության և դրա ապագայի նկատմամբ խիստ բացասական է։
Նկատենք, որ 2022թ․ հոկտեմբերին սպառողների վստահության ինդեքսը կազմել է -27,6, իսկ բիզնեսինը՝-0,19։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում