Բելառուսից մաքսանենգ ապրանք պարունակող մետեոզոնդերը Լիտվա են ուղարկվել հենց լիտվացիների կողմից․ Լուկաշենկո

2 Min Read

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Լիտվայում մի քանի օդանավակայանների փակման պատճառ դարձած մաքսանենգ ծխախոտ տեղափոխող մետեոզոնդերը ուղարկվել են հենց լիտվացիների կողմից, հաղորդում է Բելտան։

«Այն, որ Բելառուսի տարածքից այնտեղ ծխախոտներով լի փուչիկներ են թռել, ճիշտ է։ Եվ եթե ես ասացի, որ կզբաղվենք դրանով, ուրեմն՝ զբաղվում ենք։ Եվ մենք ճանաչում ենք այդ մարդկանց։ Մենք անմիջապես երկու մարդու բացահայտեցինք։ Իսկ այժմ, իբր, մեկուկես տասնյակ մարդ կա։ Իսկ երեկ ԱԱԾ նախագահը զեկուցեց ինձ, որ Բելառուսում այդպիսի խմբերով մարդիկ քիչ չեն», — ասել է Լուկաշենկոն։

Միևնույն ժամանակ, ինչպես պնդում է Լուկաշենկոն, Բելառուսի քաղաքացիներն անմիջականորեն ներգրավված չեն եղել հենց մաքսանենգ ապրանքների մետեոզոնդերով Լիտվա տեղափոխման մեջ։

Նրա խոսքով՝ Լիտվայի քաղաքացիները, Բելառուսի արևմտյան հարևանների կողմից սահմանները փակելու ֆոնին, որոշել են գումար վաստակել ծխախոտի վերավաճառքի հաշվին. նրանց իբր նման պայմանների մեջ են դրել սեփական իշխանությունները՝ խզելով բնականոն առևտրային կապերը և սահմանին ցանկապատ կառուցելով։

«Ցանկապատ կառուցեցին։ Իսկ մարդիկ սովորել էին՝ ինչ-որ բիզնես ունեին, արտադրությամբ էին զբաղվում։ Նրանք կարող էին արտադրել և մեզ վաճառել, մենք կարող էինք արտադրել և այնտեղ վաճառել։ Առևտուր էր լինում։ Ցանկապատ կառուցեցին և խզեցին, կտրեցին այդ կենդանի կապերը։ Միլիոնավոր մարդիկ մեկընդմիշտ կորցրին այդ աշխատանքը, որով ապրում էին, հատկապես լեհերը։ Այնտեղ էլ մասնավոր արտադրություն է, նրանք այդ առևտրից ավելի շատ են կախված, քան մենք, — նկատել է Բելառուսի ղեկավարը։ — Լիտվայի և Լեհաստանի իշխանություններ, դուք եք մեղավոր, որ այսպես է ստացվում։ Դուք ինչո՞ւ մարդկանց նման պայմաններում դրեցիք։ Ինչո՞ւ նրանց դրդեցինք հանցագործության ճանապարհին», — հայտարարել է Բելառուսի նախագահը։

Նա պատմել է, որ Բելառուսի քաղաքացիներն «բացարձակապես օրինական կերպով ծխախոտներ են ձեռք բերել արտադրությունից և հանձնել Բելառուսի տարածք ժամանած լիտվացիներին՝ ստանալով իրենց շահույթը»։

«Եվ արդեն հենց լիտվացիները, մետեոզոնդերի օնությամբ, ապրանքը փոխանցում էին իրենց գործակիցներին։ Շահույթը պայմանավորված էր Բելառուսում և ԵՄ երկրներում ծխախոտի գների զգալի տարբերությամբ», — գրում է Բելտան։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով