«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Կառավարության թիվ N 702-Ն որոշման համաձայն՝ նոյեմբերի 1-ից՝ այսօրվանից, ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլեւս չի լինելու Արարատ լեռան պատկերը, չեն լինելու նաեւ այլ տեղեկություններ՝ բացառությամբ սահմանահատման վերաբերյալ ինֆորմացիայի:
- Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցիալական ցանցում ներկայացրել էր որոշման հիմնավորումները. «Կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաեւ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը»։
Իսկ ինչպես գիտենք՝ իշխանության «Իրական Հայաստանի» տեսլականն առանց Արարատ լեռան է։
«Տվյալ նշումների կեղծման ռիսկերի նվազեցման, դրանց ճանաչելիության, հստակ տեսանելիության եւ ընթեռնելիության, միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման, ինչպես նաեւ սահմանային վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է վերանայել դրանց ձեւերը։ Բացի այդ, առաջարկվում է փոփոխել ամսաթիվ-կնիքների չափերը՝ անձնագրի համապատասխան էջերն առավել օպտիմալ օգտագործելու նպատակով», – ասված է որոշման հիմնավորման մեջ։
Միաժամանակ, այս նախագծին կից ԱԱԾ-ն ներկայացրել էր նոր կնիքիների նմուշները, որտեղ ակնհայտ երեւում էր՝ միակ փոփոխությունն այն է, որ Արարատ լեռան պատկերը չկա։
Հիշեցնենք, որ Հայաստանը սկսել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց, որի հիմնական նպատակներից են սահմանների բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Այս որոշմանը նախորդել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի այցը Հայաստան. որոշ ընդդիմադիրներ ընդգծեցին, որ սա Քըլըչի՝ ՀՀ գալու գինն էր, քանի որ նա նման բանակցություններ չի վարել Հայաստանի հետ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը այս առիթով դատի է տվել ՀՀ Կառավարությանը եւ դատարանի միջոցով պահանջում է չեղարկել որոշումը: Ստացվում է՝ մինչ դատարանը քննում է հարցը, որոշումն արդեն մտավ այսօրվանից ուժի մեջ»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
