2026-ի համար հաստատված ունենք 5 ջրամբարի կառուցման աշխատանքների մեկնարկ. որքան է հատկացվել ջրամբարների կառուցման համար

2 Min Read

2026 թվականի համար հաստատված ունենք 5 ջրամբարի կառուցման աշխատանքների մեկնարկ և 1-ի շարունակություն: 12 ջրամբարի մասով այս պահին քննարկումներ են իրականացվում: Եվս 12-ի մասով մենք նախատեսում ենք նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում:

Նախատեսված է շարունակել Կապսի ջրամբարի կառուցումը՝ 7,7 միլիարդ դրամ, և Ջրաձոր գյուղի վերաբնակեցումը, 1 միլիարդ դրամ՝ ջրամբարների կառուցման համար՝ 12 ջրամբարների տեխնիկատնտեսական ուսումնասիրություն և 5 ջրամբարի շինաշխատանքների մեկնարկ կտանք, որը նախորդ շաբաթ հաստատվել է Հանրային ներդրումային կոմիտեում: Այս մասին Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ, հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Խոսքը Քասախի, Ելփինի, Լիճքի, Արթիկի և Աստղաձորի ջրամբարների մասին է»,- մանրամասնեց նախարարը՝ տեղեկացնելով, որ ջրամբարների վերազինման համար նախատեսված է 264,3 միլիոն դրամ:

«Նախատեսել ենք 7 օրական կարգավորող ջրավազանների (ՕԿՋ) կառուցում, ընդհանուր արժեքը՝ 1 միլիարդ դրամ: Հետևյալ նպատակը ունենք ջրամբարաշինական ծրագրերի մասով՝ ակնհայտ է, որ ՀՀ-ում կան չկառավարվող ջրային ռեսուրսներ, որոնք որոշ սեզոններին հիմնականում առատ են լինում, բայց այդ սեզոնները չեն համընկնում մեր ոռոգման սեզոններին, և կուտակելու հնարավորություն չունենք»,- հայտնեց Խուդաթյանը:

Նրա խոսքով՝ Լիճքի և մյուս 4 ջրամբարների մասով վերջերս Հանրային ներդրումային կոմիտեում որոշում է կայացվել, այնտեղ նախագծային աշխատանքները ավարտվել են, 5-ից 3-ի մասով փորձաքննությունները պատրաստ են, 2-ի մասով առաջիկայում փորձաքննությունները պատրաստ կլինեն, և մրցութային գործընթաց կսկսվի ջրամբարների կառուցման համար:

Դա, ըստ նախարարի, կլուծի ոչ միայն տարածաշրջանում ջրի խնդիրը, այլ նաև որոշ հատվածներում, մասնավորապես, Քասախի ջրամբարի դեպքում, որը քանի որ Սևանա լճի ճնշման գոտում գտնվող տարածքների ոռոգման համար անհրաժեշտ ջրամբար է, պլանավորվում է Սևանից ջրառի ծավալը պակասեցնել:

Ինչ վերաբերում է Սևանա լճից ջրի կառավարման վերաբերյալ մտահոգություններին՝ հայտնեց.

«Մենք 30 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառի համար էինք դիմել Ազգային ժողովին, բայց դրա կեսն ենք օգտագործել և մյուս կեսի համար ջուրը չենք օգտագործել»:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով