Պետգույքի կոմիտեն Վանաձորում գտնվող անշարժ գույք կնվիրաբերի՝ Թումո ստեղծարար կենտրոն հիմնելու նպատակով

1 Min Read

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագծին, ըստ որի՝ «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին կնվիրաբերվի Վանաձորի Թատերական փողոց 1/1 հասցեում գտնվող սպայի տուն շենքը՝ Թումո ստեղծարար կենտրոն հիմնելու նպատակով։

Նախագծի իրականացման արդյունքում շուրջ 6000 պատանիներ հնարավորություն կունենան անվճար հիմունքներով ստանալ արտադպրոցական կրթություն։ Հիմնադրամի կողմից 3 տարիների ընթացքում կիրականացվի 1 մլրդ 800 մլն ՀՀ դրամի ներդրում։

Կոմիտեի և «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի միջև հաստատված է շարունակական համագործակցություն, որի արդյունքում պետական գույքը ոչ միայն արդիականացվում է, այլև ծառայում է հանրօգուտ նպատակների։ Մասնավորապես՝

  • «Թումո-տուփ» ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի մի շարք մարզերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է 28 տարածք,
  • «Թումո ստուդիաներ» ծրագրի իրականացման նպատակով Երևանի Արամի 44 հասցեում գտնվող անշարժ գույքը տրվել է 10 տարի ժամկետով վարձակալության՝ 5 մլն 35 հազ․ ՀՀ դրամ ամսական վարձավճարով և 100 մլն ՀՀ դրամ ներդրումային պարտավորությամբ,
  • Թումո արտադպրոցական, նորարական, կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Կապանի Երկաթուղայինների փողոց 18/6 հարթակ հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրաբերվել է՝ 2 տարվա ընթացքում 300 մլն ՀՀ դրամի ներդրումներ կատարելու պայմանով։

Կոմիտեն կարևորում է նման նախաձեռնությունների դերը պետություն–մասնավոր գործընկերության զարգացման և ամրապնդման գործում՝ ուղղված պետական գույքի արդյունավետ կառավարմանը և մարզերում նորարարական կրթության հասանելիության ընդլայնմանը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով