Իրանի Գիլդիաների պալատը հրապարակել է հրահանգ, որն արգելում է Հելոուինի հետ կապված ցանկացած ապրանքի կամ միջոցառման վաճառքը։
Հելոուինի հետ կապված ապրանքները Իրանում ծաղկում են արդեն մի քանի տարի։ Գիլդիաների պալատը զգուշացրել է սրճարաններին, ռեստորաններին և այլ բիզնեսներին խուսափել Հելոուինի թեմայով միջոցառումներ և վաճառքներ անցկացնելուց՝ նշելով, որ դրանք վտանգ են ներկայացնում իսլամական թեոկրատիայի մշակութային արժեքների համար։
«Հելոուինի հետ կապված բոլոր տեսակի արարողությունները, հավաքույթները, գովազդը կամ վաճառքը լիովին արգելված են բոլոր հասարակական և գործարար վայրերում», — ասվում է Գիլդիաների պալատի հայտարարության մեջ՝ նշելով «մշակութային, կրոնական և սոցիալական արժեքները» պաշտպանելու անհրաժեշտությունը։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ոստիկանությունը իրավական միջոցներ կձեռնարկի խախտողների դեմ, այդ թվում՝ հաստատությունների փակումը և մենեջերներին դատարան ուղարկելը։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս որոշումը կայացվել է Իրանի իշխանությունների մտահոգությունների ֆոնին՝ երիտասարդ իրանցիների շրջանում արևմտյան տոների, ինչպիսիք են Սուրբ Ծնունդը, Սուրբ Վալենտինի օրը և Հելոուինը, աճող ժողովրդականության վերաբերյալ։
Պաշտոնյաները և հոգևորականները հաճախ նման միջոցառումները բնութագրում են որպես մշակութային ներմուծում, որը հակասում է իսլամական արժեքներին։
Վերջին տարիներին Թեհրանի, Սպահանի և այլ քաղաքների խանութների և սրճարանների ցուցափեղկերում ցուցադրվել են Հելոուինի դդումներ, տարբեր դիմակներ, տոնածառեր և զարդարանքներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում