ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 29-ի համատեղ նիստում շարունակվել են գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումները:
«ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով Ազգային ժողովի աշխատակազմին իր ծախսային ծրագրի իրականացման մասով հատկացվել է մոտ 7 մլրդ դրամ»,- ներկայացնելով 2026 թվականի բյուջեի նախագծով օրենսդիր մարմնի համար նախատեսված ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները` նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:
«ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման համար նախատեսված է 6,2 մլրդ դրամ, աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման համար` 1,3 մլն դրամ: Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման գծով նախատեսվում է հատկացնել 168,8 մլն դրամ»,- ընդգծել է Դավիթ Առաքելյանը և հավելել, որ այդ միջոցառման 114,8 մլն դրամը կազմում է ԱԺ-ի համար ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի համաֆինանսավորմամբ:
Զեկուցողի խոսքով՝ միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարների գծով կհատկացվի 150,9 մլն դրամ:
«Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառման համար նախատեսվում է հատկացնել 520,7 մլն դրամ:
Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի խոսքով՝ 2026 թվականի բյուջետային հայտից հանվել են Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության և Ազգային ժողովի շենքային պայմանների բարելավմանը միտված հատկացումները: Դավիթ Առաքելյանի խոսքով՝ ներառվել է միայն շենքային պայմանների բարելավմանն ուղղված 26,3 մլն դրամ հատկացումը:
Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում