Վարչապետի աշխատակազմի կարիքների համար նախատեսված ծախսերը կավելանան

2 Min Read

2026 թվականին Հայաստանի Ազգային ժողովին նախատեսվում է հատկացնել 7 միլիարդ 4 միլիոն դրամ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին, խորհրդարանական մշտական ​​հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Դա, ինչպես նշել է նախարարը, 68 միլիոն դրամով պակաս է, քան 2025 թվականին։

Միևնույն ժամանակ, Հայաստանի նախագահի աշխատակազմին հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել 1 միլիարդ 618 միլիոն դրամ։ Դա 40 միլիոն դրամով պակաս է 2025 թվականի ցուցանիշներից։

Իսկ վարչապետի աշխատակազմին կտրամադրվի 25 միլիարդ 804 միլիոն դրամ, ինչը 1 միլիարդ 520 միլիոն դրամով ավելի է, քան 2025 թվականին։

Հաջորդ տարի վարչապետի աշխատակազմը նախատեսում է անցկացնել 10 ծրագիր, 39 միջոցառում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 25 մլրդ 804 մլն դրամ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 29-ին ներկայացնելով ՀՀ վարչապետի աշխատակազմին գալիք տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցներն ու ծրագրերը: Համատեղ նիստում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ 2026 թվականին ընթացիկ տարվա համեմատ 2 միջոցառում է ավելացել, Տեսչական վերահսկողության ծրագրի շրջանակում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող նոր 1 միջոցառում:

Բյուջեով հաջորդ տարվա ընթացքում նախատեսված է իրականացնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: «Եվրոպայից շուրջ 50 պատվիրակություններ ժամանելու են Հայաստան»,- ասել է Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ գագաթնաժողովն ամեն կես տարին մեկ Եվրոպայում տեղի ունեցող միջոցառում է, որտեղ երկրների ղեկավարները հավաքվում են, քննարկում ընթացիկ հարցեր:

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երեւանում, 2026 թվականի մայիսի սկզբին: Գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներով զբաղվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմը, որի համար աշխատակազմի բյուջեով նախատեսված է 1 մլրդ դրամ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով 8 միջոցառում, որոնք եղել են ընթացիկ տարում 2026 թվականի բյուջեով նախատեսված չեն: Դրանք Վարչապետի աշխատակազմի ու տեսչական մարմինների աշխատակազմերի տեխնիկական հագեցվածության բարելավվման միջոցառումներն են:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով