Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գրեգորիան» ՍՊԸ-ին պատկանող գինու արտադրամասի արտադրական գործունեությունը (Արմավիրի մարզ, գ. Մերձավան): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Հիմքը տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների ստուգման արձանագրությունն է, համաձայն որի՝
— արտադրական շինության կառուցվածքը և դասավորվածությունը չեն բացառել գինու արտադրության գործընթացում աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
— չի բացառվել կենդանիների, կրծողների, միջատների ներթափանցումը արտադրական տարածք,
— չեն ապահովվել պաշտպանությունը կեղտի կուտակումներից, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից,
— գինու արտադրական պրոցեսի սկզբնական ընթացքը, մասնավորապես՝ մզվածքի պատրաստման գործընթացը, իրականացվում է արտադրական շինությունից դուրս, բաց երկնքի տակ, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը,
— գինու հասունացման սենյակի, պատրաստի արտադրանքի պահեստային հատվածի առաստաղները վնասված են եղել, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղների վրա եղել են կեղտի կուտակումներ,
— արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել, հումքի հասունացման համար նախատեսված որոշ տարաներ կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել բարվոք վիճակում:
Վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում