PayPal-ի բաժնետոմսերը ԱՄՆ Nasdaq բորսայի նախաբորսայական սակարկություններում աճել են 17%-ով, այն բանից հետո, երբ վճարային համակարգը հայտարարեց OpenAI-ի հետ համագործակցության մասին։ Ըստ պայմանագրի՝ PayPal-ի թվային դրամապանակը կներառվի ChatGPT հարթակում, որպեսզի օգտատերերը կարողանան անմիջապես գնել այն ապրանքները, որոնք գտնում են չաթ-բոտի միջոցով։
CNBC-ի տեղեկացմամբ՝ նոր հնարավորությունը կգործարկվի 2026 թվականի սկզբին։ Օգտատերերը կկարողանան կատարել գնումներ ChatGPT-ի միջոցով՝ վճարելով PayPal-ի հաշվեկշռից, կապված բանկային հաշիվներից կամ կրեդիտային քարտերով։ Վաճառողները նույնպես կկարողանան ցուցադրել իրենց ապրանքները ChatGPT-ում՝ առանց հավելյալ գրանցման OpenAI-ում։
PayPal-ը կկատարի վճարումների վերահսկում, ստուգում և մշակման բոլոր գործընթացները վաճառողների համար։
PayPal-ի գլխավոր տնօրեն Ալեքս Կրիսը նշել է.
«Մեզ մոտ հարյուր միլիոնավոր հավատարիմ օգտատերեր ունեն PayPal դրամապանակներ, և այժմ նրանք ChatGPT-ում կկարողանան սեղմել “Buy with PayPal” կոճակը՝ ստանալով անվտանգ և հուսալի վճարային գործընթաց։ Սա գնումների նոր փիլիսոփայություն է։»
Նա հավելել է, որ թե՛ գնորդները, թե՛ վաճառողները անցնում են նույնականացման գործընթաց PayPal-ում, ինչը նվազեցնում է խարդախության ռիսկերը։
PayPal-ը դարձել է առաջին գործընկերը, որը միանում է OpenAI-ի ծրագրին՝ ChatGPT-ն էլեկտրոնային առևտրի ոլորտ բերելու նպատակով։
Ավելի վաղ OpenAI-ն հայտարարել էր, որ ChatGPT-ի միջոցով արդեն հնարավոր է գնել ապրանքներ Shopify, Etsy և Walmart հարթակներից։
