Շուրջ 55 հազար ինժեներ-ծրագրավորողներ ներգրավված են տեխնոլոգիական ոլորոտում

2 Min Read

ԲՏԱ-ն ամիսներ առաջ հայտարարեց արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի ստեղծման մասին, որը վիրտուալ հարթակ է, նպատակ ունի խրախուսելու ԱԲ ոլորտում հետազոտողներին, ստարտափերներին, ինչես նաև գիտահետազոտական կրթական ինստիտուտներին, բարձրագույն ուսումնական հաստատություններին: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչ ծրագրեր է իրականացնում նախարարությունն արհեստական բանականության ոլորտում աշխարհից հետ չմնալու համար:

«Այս պահի դրությամբ, տարբեր հաշվարկներով, շուրջ 55 հազար ինժեներ-ծրագրավորողներ ներգրավված են տեխնոլոգիական ոլորոտում: Մեր նպատակն է խրախուսման միջոցով, տարատեսակ մեխանիզմների միջոցով խրախուսել, որ հնարավորինս մեծանա հատկապես հենց արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող կամ ԱԲ նորարարությամբ զբաղվող ինժեներների կամ ծրագրավորողների թիվը»,- ասաց նա՝ նշելով, որ ԱԲ վիրտուալ ինստիտուտի համատեքստում համագործակցում են աշխարհում հայտնի ընկերությունների հետ:

ԲՏԱ նախարարը նաև տեղեկացրեց, որ Կառավարության և մասնավորի համատեղությամբ Հայաստանում նախատեսվում է ստեղծել Արհեստական բանականության տվյալային խոշոր կենտրոն Firebird ընկերության հետ համատեղությամբ:

«Չեմ ուզում թերագնահատել Կառավարության առաջնորդությունն այս գործում՝ ԱՄՆ-ի հետ քաղաքական մակարդակում առկա խնդիրները բարձրաձայնելու, հասցեագրելու, ընդ որում՝ ամենօրյա ռեժիմով և հնարավոր բոլոր մակարդակներում:

Ուզում եմ ընդգծել օգոստոսի 8-ին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրն արհեստական բանականության և կիսահաղորդչային ինդուստրիայի շրջանակում: Այս ռազմավարական փաստաթուղթն է հիմք լինելու նմանօրինակ ընկերության գործունեության: Այսինքն՝ ՏՏ ոլորտում ռազմավարական համագործակցությունն է միայն նախադրյալ նմանօրինակ տեխնոլոգիաների, տրանսֆերի կամ նմանօրինակ ԱԲ գործարան ունենալու, որովհետև աշխարհի քիչ երկրներին են հասանելի առաջատար և ամենանորարար տեխնոլոգիաները:

Հետևաբար այստեղ ևս պետություն-մասնավոր համագործակցության համատեքստում նմանօրինակ առաջընթաց ունենք. խոսքը մի քանի 100 միլիոն դոլարների ներդրման մասին է»,- ասաց նախարարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ԱԲ-ն ՀՀ-ի համար ռազմավարական առաջնահերթություն համարվող ուղղություն է:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով