Սպիտակ տունը նոր պարահանդեսային դահլիճ կունենա․ այն կանվանվի Թրամփի անունով

1 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Սպիտակ տան նոր պարահանդեսային դահլիճը անվանակոչել իր անունով, հայտարարել են վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները։

ABC News-ի աղբյուրների համաձայն, նոր պարահանդեսային դահլիճը պաշտոնական փաստաթղթերում նշված է որպես «Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի պարահանդեսային դահլիճ», և ենթադրվում է, որ սա կլինի վերջնական անվանումը։

Չնայած Թրամփը հրապարակայնորեն չի հայտարարել նոր տարածքի համար ընտրելու անունը, նա հայտնի է նրանով, որ իր շինարարական նախագծերի մեծ մասն անվանակոչել է իր անունով, և սա, հավանաբար, բացառություն չի լինի։ Երբ ABC News-ի լրագրողը հարցրեց պարահանդեսային դահլիճի անվան մասին, ամերիկացի առաջնորդը պարզապես ժպտաց և պատասխանեց, որ «չի ցանկանա այս պահին խոսել դրա մասին»։

Ինչպես երևում է հրապարակված լուսանկարներում, Սպիտակ տան արևելյան թևը ամբողջությամբ քանդվել է ավելի քան 8000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող պարահանդեսային դահլիճի կառուցման համար։

Վարչակազմի պաշտոնյան հաստատել է հրատարակությանը, որ նախագծի համար արդեն հավաքվել է 350 միլիոն դոլար՝ նշելով, որ նախագահը «ստացել է այնքան ուժեղ աջակցություն, որ նվիրատվությունները շարունակում են գալ»։ Նա ասաց, որ շինարարության արժեքը գնահատվում է 300 միլիոն դոլար: Այնուամենայնիվ, հարցը, թե ինչպես է օգտագործվելու մնացած 50 միլիոն դոլարը, մնում է անպատասխան:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով