ԱՄՆ-ում տեղի ունեցող ցանկացած ընտրություններից առաջ աշխարհը քար լռությամբ սպասում է դրա արդյունքներին, որից առանց չափազանցության կախված է աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետագա ընթացքը: Հատկապես անհանգիստ են ռուսները, որոնք արդեն բավականին երկար ժամանակ իրականացնում են իրենց ռազմական օպերացիան Ուկրաինայում:
Չնայած աշխարհի սպասումներին՝ պետք է փաստել, որ ԱՄՆ-ում ներիշխանական պայքարը ծավալվում է ոչ այնքան շատ արտաքին քաղաքական, որքան երկրի ներքին խնդիրների օրակարգով: Մասնավորապես, սույն թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցող միջանկյալ ընտրություններում մարդկանց հուզող հիմնական հարցերից էր գնաճը և դրա հետևանքները, արտաքին պարտքի խնդիրը, ներքին տնտեսական քաղաքականության այլ հիմնախնդիրներ:
Ինչպես վկայում են ամերիկյան լրատվական աղբյուրները, դեմոկրատական կուսակցությունը անշուշտ կորցրել է իր դիրքերը, սակայն թե՛ ԱՄՆ կոնգրեսի վերին, թե՛ ստորին պալատներում դեմոկրատների և հանրապետականների տեղերը գրեթե հավասարապես են բաշխվել՝ մի փոքր առավելություն արձանագրելով հանրապետականների ճամբարում: Նկատենք, որ նախքան բուն ընտրություններին անցնելը տեղի է ունենում նախընտրական արշավ, որի ժամանակ կուսակցությունները ծախսում են հսկայական գումարներ: Նոյեմբերի 8-ի ընտրություններում ծախսերը կազմել են $ 9 մլրդ, այն պարագայում, երբ 2018 թ․-ի ընտրություններում ծախսվել է մոտ $ 7 մլրդ։
Այս գումարներից շուրջ $ 1 մլրդ-ը գոյանում է դոնորների օգնությամբ, որոնցից մի քանիսին կարող ենք ծանոթանալ ստորև բերված գծապատկերում.
Գծապատկեր 1. Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրությունների շրջանակներում կուսակցություններին տրված նվիրատվությունները
Ինչպես կարելի է նկատել, դեմոկրատների դոնորների ցուցակն էապես կարճ է: Դեմոկրատներին $ 129 մլն-ի ֆինանսական օգնություն է տրամադրել միլիարդատեր Ջ. Սորոսը: Վերջինիս անվան հետ միշտ կապվում են զանազան պատմություններ և վիճաբանություններ: Դեմոկրատների դոնորների ցուցակը եզրափակում է Ս. Բանքմեն-Ֆրեդը, որը նվիրաբերել է $ 39 մլն: Ս. Բանքմեն-Ֆրեդը, որը հանդիսանում է FTX ընկերության, որը համարվում է աշխարհի կրիպտոարժույթների փոխանակման երրորդ կետը, հիմնադիր-կառավարիչը:
Հանրապետականների պարագայում առաջին հորիզոնականում է հայտնվել Է. և Ռ. Ուիհլեյնը՝ $ 70 մլն նվիրաբերությամբ: Է. և Ռ. Ուիհլեյնը հանդիսանում են Յուլայն (Uline) հիմնադիրները: Այս ընկերությունը համարվում է Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն լոգիստիկ պարագաների՝ արկղեր, տարաներ և այլն, մատակարարը: Երկրորդ հորիզոնականում է Ք. Գրիֆինը, ով հատկացրել է $ 66 մլն: Ք. Գրիֆինը «Citadel» ընկերության հիմնադիրն է: Այս ընկերությունը հանդիսանում է խոշորագույն հեջ-ֆոնդ: Երրորդ տեղն է զբաղեցրել Ջ. Յասսա-ն՝«Susquehanna International Group (SIG)» առևտրային կազմակերպության հիմնադիրը, ով նվիրաբերել է $ 48 մլն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում