Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Համաշխարհային բանկի գործընկերների հետ

1 Min Read

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ նոյմբերի 11-ին աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի ներկայացուցիչների հետ: ՀԲ պատվիրակությունը գլխավորել են ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը և ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Հայտնում են Ֆինանսների նախարարությունից։

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը և ընդլայնելու համագործակցության շրջանակները:

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը ՀԲ հուսալի գործընկերն է և լավագույն երկրներից է՝ վարկային պորտֆելի կատարողականի առումով: Նա վստահեցրել է, որ ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում հասնելու գործընկերային ավելի բարձր մակարդակի:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն — Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններին և ընթացիկ ծրագրերին` ուղղված պետական հատվածի և հանրային ֆինանսների կառավարման ոլորտի բարելավումներին, առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը:

Կիսվեք այս հոդվածով