Փոքր ՀԷԿ-երը Լոռու գետերից ավելի ջրառի համար կփոխհատուցեն 29 միլիոն դրամ. ԲԸՏՄ

1 Min Read

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի փոքր ՀԷԿ-երում կատարած ստուգումների արդյունքում արձանագրել են ջրային ռեսուրսների գերշահագործման դեպքեր։

«Լեռ և ջուր» ՍՊԸ-ին պատկանող «Արջուտ 1», «Արջուտ 2» և «Չիչխան» փոքր ՀԷԿ-երը, համապատասխանաբար, Լեռնաջուր, Փամբակ, Չիչխան գետերից ջրառն իրականացրել են ջրօգտագործման թույլտվությունների պահանջների խախտումներով։

Ներկայացվել է 16.419.668 դրամի ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

«Օստ-էլ» ՍՊԸ-ին պատկանող «Հաղպատ 1» փոքր ՀԷԿ-ը՝ Դեբեդ գետի վտակներից կատարել է ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված ծավալներից ավելի ջրառ։

Ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջի չափը՝ 6.492.144 դրամ։

«Այուդա-լոս» ՍՊԸ-ին պատկանող «Պոզիտրոն» փոքր ՀԷԿ-ը՝ Մարց գետից կատարել է սահմանված չափաքանակները գերազանցող ջրառ։

Ներկայացվել է 6.068.132 դրամի ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

Ընկերությունների տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.760.000 դրամի չափով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով