Կներդրվի աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգ. ԱՍՀՆ

1 Min Read

Աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ներդնել աշխատանքային վեճերի լուծման նոր գործիք: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Աշխատանքային վեճերի կարգավորման համար այլևս դատարան դիմելու կարիք չի լինի: Կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կգործի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կազմում. կազմված  կլինի երեք անդամից՝ Հանձնաժողովի նախագահից և սոցիալական գործընկերների մեկական ներկայացուցիչներից։

Հանձնաժողովին դիմելու իրավունք կունենան և՛ աշխատողները և թե  գործատուները։

Աշխատանքային հարաբերությունների կողմերը կարող են հանձնաժողովին դիմել ամենատարբեր հարցերով և աշխատանքային վեճերով՝ աշխատավարձերի, այդ թվում՝ օրենսդրությամբ սահմանված հավելումների, հավելավճարների, լրավճարների չվճարման կամ մասամբ վճարման, արտաժամյա աշխատանքի ներգրավման պահանջների խախտումների և այլն։

Հանձնաժողովում վեճի քննության համար գործատուն կամ աշխատողը պարտավոր է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել, որը հանձնաժողովը պետք է քննի ոչ ուշ, քան այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

Հանձնաժողովի որոշումը մեկ ամսվա ընթացքում հնարավոր կլինի բողոքարկել դատարանում։ Եթե Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում, ապա կողմը պարտավոր է կատարել այն։ Չկատարելու դեպքում կարող է միջամտել Հարկադիր կատարման ծառայությունը, որին կտրվի համապատասխան լիազորություն:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով