2022 թ․-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում անասնաբուծության համախառն արտադրանքի ծավալները 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 4.1 %-ով՝ կազմելով 282,776 մլն դրամ։ Նկատենք, որ 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերի դրությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում անասնաբուծության համախառն արտադրանքի ծավալների մասնաբաժինը կազմում է 42 %։
Անասնաբուծության մասին խոսելիս չի կարելի չանդրադառնալ անասնաբուծական հիմնական ուղղությունների համախառն արտադրանքի ծավալներին.
Գծապատկեր 1․ Անասնաբուծության հիմնական արտադրանքի համախառն ծավալները 2022 թ․-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում
Վիճակագրական տվյալների համաձայն՝ իրացվել է գյուղատնտեսական կենդանի և թռչուն սպանդի համար (կենդանի քաշով) 67,4 հազար տոննա ծավալով։ Վերջինս 2021 թ․-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 5.1 %-ով։ Ամենախորը անկումը արձանագրվել է Սյունիքի մարզում՝ մոտ 18 %-ով։ Մյուս մարզերում ևս անկումներ են դիտվում: 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 537,6 հազար տոննա կաթ։ Վերջինս 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 7.1 %-ով։ Կաթի արտադրության ծավալները 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ համատարած նվազել են։ Առավելագույն անկում՝ մոտ 14 %-ով, դիտվել է Սյունիքում, իսկ նվազագույն անկում՝ 1,1 %-ով, Տավուշում։ Իրավիճակը նաև բարդ է Շիրակում և Վայոց Ձորում, որտեղ անկումները կազմել են համապատասխանաբար մոտ 12 % և 9 %։ 2022 թ․-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում արտադրվել է 625,6 մլն հատ ձու։ 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ ձվի արտադրության ծավալներն աճել են 4.4 %-ով։ Առավելագույն աճեր՝ մոտ 98 %-ով և 39 %-ով, դիտվել են Երևանում և Շիրակի մարզում։ Ձվի արտադրության ծավալների զգալի անկումներ են արձանագրվել Գեղարքունիքում և Սյունիքում՝ մոտ 11 %-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում